|
11.11.2011 Հրանուշ Հակոբյան
«Հայ ժողովրդի հզորությունը բոլոր հայերի հավաքական, միասնական հզորությունն է»
Օրերս «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալությունը հարցազրույց է ունեցել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:
-Տիկի՛ն նախարար, խոսենք Արեւմտյան Հայաստանից գաղթածների եւ նրանց իրավահաջորդների մասին։ Քայլեր արվո՞ւմ են նրանց իրավունքները կամ կորցրած սեփականությունը վերականգնելու ուղղությամբ։
-Այն, որ Հայոց ցեղասպանության արդյունքում հարյուրհազարավոր մարդիկ զրկվեցին հայրենիքից, ունեցվածքից, մշակութային, ազգային շատ արժեքներից, այսօր լուրջ քննարկումների նյութ է դարձել: ԱՄՆ-ում ձեւավորվել եւ գործում են մասնագետների խմբեր, որոնք պատրաստել են թղթածրարներ ազգային, հավաքական եւ անհատական հայցերի ընդհանուր իրավիճակի վերաբերյալ, դատական գործեր հարուցել եւ մի շարք դեպքերում հաղթել, դա ակնհայտ է: Կազմված փաստաթղթի նախագիծը հրապարակվել է 2010թ. ԱՄՆ-ում եւ Հայաստանում: Նախագծում հստակ շեշտվում են այն հիմքերը, որոնցով հայկական կողմը կարող է իր իրավունքները պաշտպանել։ Միաժամանակ Թուրքիայում մեր եկեղեցական կառույցները, պատրիարքարանները, արեւմուտքում ապրող իրավաբանները հաճախ են բարձրաձայնում Պոլսի մեր հայրենակիցների սեփականություն հանդիսացող հողերի, ունեցվածքի վերադարձման մասին: Վերջին շրջանում թուրքական իշխանության կողմից որոշակի քայլեր կատարվեցին, եւ մեր համայնքը ստացավ իրեն պատկանող հողերի, գույքի մի մասը: Այդ ուղղությամբ ջանքերը պետք է համադրվեն, եւ աշխատանքները պետք է շարունակել: -Պարբերաբար Սփյուռքում բարձրացվում է Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների պահանջատիրության հարցը։ Ի՞նչ հաջողություններ են գրանցվել մինչ այժմ իրավունքների վերականգնման անհատական վարույթների մասով։ -Հայոց ցեղասպանության զոհերի եւ նրանց իրավահաջորդների պահանջների մասին խոսելիս պետք է նկատի ունենալ նրանց անհատական, հավաքական (եկեղեցիների նկատմամբ) եւ ազգային իրավունքները: Այժմ կան այնպիսի դատական գործեր, որոնք շատ կոնկրետ անհատների կամ ընտանիքների իրավունքներին են վերաբերում։ Նման գործեր կան նաեւ թուրքական, եվրոպական եւ ամերիկյան դատարաններում: Հայ իրավաբանները դատական գործընթացներ են սկսել «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերության, գերմանական բանկերի եւ այլ հաստատությունների դեմ. այդ դատերն ավարտվել են համաձայնությամբ եւ հատուցմամբ: Շահած դատական գործընթացների փաստը գոհունակության առիթ է ընձեռում: Իհարկե այս հարցում գոնե մենք պետք է վեր կանգնենք ամեն մի հավակնությունից, եւ հայ փաստաբանների վեճը ու փոխադարձ ամբաստանությունները պետք է բացառել: Սակայն ակնհայտ է, որ հատուցման հարցերը բարձրացրել ենք ու կբարձրացնենք: Անցյալ տարի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կազմակերպեց միջազգային համաժողով, որին մասնակցում էին աշխարհահռչակ ցեղասպանագետներ, որոնց քննարկման նյութն էր ոչ միայն հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, այլեւ փոխհատուցման հիմնախնդիրները: Այս համաժողովի անցկացումը Երեւանում, այն էլ ցեղասպանության 95-րդ տարելիցի տարում, եւս մեկ անգամ ընդգծում է այդ խնդրի արդիականությունը: Ակնհայտ է, որ հայկական դատի հետեւողական պաշտպանությունը բոլոր սերունդների խնդիրն է: -Վերջին տարիներին արդեն իսկ գրանցվել են Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդների՝ Թուրքիայի դեմ դատական գործընթացների ծավալման նախադեպեր, մասնավորապես «Իջիրլիքի», կամ «Նյու Յորք Լայֆ» ապահովագրական ընկերության հետ կապված գործերը։ Ըստ Ձեզ` նման նախադեպերը կարո՞ղ են դրական արդյունք տալ եւ հիմք ծառայել գործընթացի ընդլայնման համար։ -Մենք արդեն նշեցինք, որ վերջին տարիներին հատկապես ԱՄՆ-ում դատական գործեր են հարուցվել մի շարք ապահովագրական ընկերությունների նկատմամբ՝ «Նյու-Յորք Լայֆ», «Աքսա», ֆրանսիական եւ գերմանական որոշ ընկերությունների դեմ։ Այս հայցերը վերաբերում են տվյալ ընկերությունների՝ իրենց հաճախորդների նկատմամբ ստանձնած պարտավորություններին։ Ընդհանուր «Նյու Յորք Լայֆ»-ից ստացվել է մոտ 20 մլն ԱՄՆ դոլար, իսկ «Աքսա» ապահովագրական ընկերությունից` 17,5 մլն ԱՄՆ դոլար: Բացառիկ է ամերիկյան դատարանում գտնվող հայցը. այն վերաբերում է «Ինջիրլիք» ռազմակայանի տարածքին, որի սեփականատիրոջ դերում հանդես են գալիս չորս հայ։ Առաջին անգամ հայկական կողմը դատական հայց է ներկայացնում թուրքական պետական հաստատության դեմ, որից պահանջվում են «Ինջիրլիքի» հայապատկան կալվածքի շահագործման եկամուտները, որը թուրքական իշխանությունները յուրացրել են` օրինավոր տերերին փոխանցելու փոխարեն: Սա այլ հարց է եւ չի կարող խոչընդոտել հավաքական իրավունքների վերականգմանը, որովհետեւ նրանք շատ հստակ խոսում են իրենց կալվածքների եւ իրավունքների մասին։ «Ինջիրլիքի» դեպքը բացառիկ է այն իմաստով, որ ամերիկյան դատարանում հայց է ներկայացվում Թուրքիայի դեմ: -Ըստ Ձեզ` Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների անհատական վարույթները կարո՞ղ են որեւէ կերպ խոչընդոտել ազգային հավաքական իրավունքների վերականգմանը, թե՞ հակառակը. հավելյալ հիմքեր են ստեղծում դրա համար: -Հայոց ցեղասպանության պատճառած հողային, մարդկային, մշակութային, նյութական եւ այլ կորուստների հատուցման փաստաթուղթը խոսում է նաեւ հավաքական եւ անհատական իրավունքների մասին, որոնք հայկական կողմի եւ Թուրքիայի միջեւ նախատեսում են բանակցային գործընթաց: Հայոց Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների անհատական վարույթների ուղղությամբ դատական գործերը ապացուցում են այն անդառնալի կորուստները, որոնք պատճառեցին օսմանցիները հայերին 20-րդ դարի սկզբներին: -Տիկի՛ն Հակոբյան, կարո՞ղ ենք այսօր մեր ավանդական Սփյուռքի մեջ (որը հիմնականում ձեւավորվել է Ցեղասպանության արդյունքում) խոսել այսպես կոչված «Արցախյան սփյուռքի» մասին: Այսինքն` խոսքս վերաբերում է այն արցախցիներին, ովքեր համալրել են մեր ավանդական Սփյուռքի շարքերը (խորհրդային Ադրբեջանի խտրական քաղաքականության հետեւանքով), եւ որոնց իրավունքները եւս ժամանակին ոտնահարվել են: Որեւիցե քայլ ձեռնարկվո՞ւմ է նրանց խախտված իրավունքների հարցը բարձրացնելու ուղղությամբ: -Պարզ է, որ վերջին 20 տարում տարբեր պատճառներով գաղթեցին նաեւ արցախահայեր: Սակայն նրանց ճնշող մեծամասնությունը ադրբեջանցիների կողմից տեղահան եղան իրենց գյուղերից, իրենց հողերից եւ Հայաստանում էլ չգտնելով նվազագույն պայմաններ (հիշենք երկրաշարժ, պատերազմական իրավիճակ, էներգիայի 2 ժամանոց մատակարարում)՝ մեկնեցին այլ երկրներ: Իհարկե, եթե նրանց միանան «Կամոյի», «Ազատի», «Արծվաշենի», «Գետաշենի» եւ այլ գյուղերի բնակիչները, կարող են իրենց արդար պահանջը ներկայացնել ունեզրկման առումով: -Եվ վերջում, տիկի՛ն Նախարար, հաշվի առնելով, որ այս տարի թե՛ Հայաստանը, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշեցին իրենց անկախության քսանամյա հոբելյանը, կխնդրեի, որ գնահատեք Սփյուռք-հայրենիք կապի ամրությունն ու այն փոփոխությունները, որոնց այն ենթարկվել է այս քսան տարիների ընթացքում։ Որքանո՞վ են այսօր ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն օգնում Սփյուռքի եւ Արցախյան Սփյուռքի հիմնահարցերի լուծմանը։ -1991թ. Հայաստանի անկախացումից հետո Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման նոր շրջափուլ սկսվեց: Նախ անկախության շնորհիվ յուրաքանչյուր սփյուռքահայ հնարավորություն ստացավ անարգել այցելել հայրենիք: Հայաստանի հզորացումը պայմանավորված է նաեւ նրա ժողովրդագրական իրավիճակի փոփոխությամբ, հայրենադարձների թվի ավելացմամբ, Հայրենիքի շենացմանն առավել շատ հայերի ներգրավմամբ: Պետական մակարդակով մշակվել են Հայրենադարձության խթանման հայեցակարգ, «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծ: Առաջիկայում ե՛ւ իրավական, ե՛ւ կազմակերպչական առումով ստեղծվելու են անհրաժեշտ պայմաններ հայրենադարձությանը նպաստելու համար: Հայաստանը Սփյուռքի անմիջական օգնությամբ կարողացավ հաղթահարել դժվարությունները եւ առաջ ընթանալ: Այսօր մեր երկու 20-ամյա ազատ ու անկախ պետության, Արցախի հերոս ժողովրդի անվտանգ գոյությամբ պարտական ենք նաեւ սփյուռքահայերին, քանի որ Սփյուռքը դարձել է հավերժ ներկայություն Հայաստանում: Սփյուռքն իր գոյության առաջին օրերից նվիրվել է հայապահպանության, ազգային նկարագրի, ինքնության, մայրենի լեզվի, հայկական ավանդույթների, սովորույթների, մշակույթի, հավատքի, հոգեւոր արժեքների պահպանման եւ փոխանցման շարունակական ապահովման ամենօրյա աշխատանքին: Սպիտակի երկրաշարժի, Ղարաբաղյան պատերազմի, Ադրբեջանից բռնագաղթի (շուրջ 400 հազար բռնագաղթված), էներգետիկ ճգնաժամի հետեւանքով ծանր կացության մեջ հայտնված հայրենիքին Սփյուռքը աննախադեպ աջակցություն ցուցաբերեց: Հայաստանի անկախության ողջ ժամանակահատվածում բարեգործական ծրագրերը, Սփյուռքից եկող օգնությունը թեթեւացրին էներգետիկ ճգնաժամը, նպաստեցին աղքատության կրճատմանը: Այդ օգնությունն առավել կազմակերպված ու համակարգված դարձնելու նպատակով 1992թ. ստեղծվեց եւ մինչ օրս հաջողությամբ շարունակում է գործել «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի միջոցով Սփյուռքը միլիոնավոր դոլարներ է հասցրել Արցախ, Հայաստան ու նպաստել հայրենաշինության կարեւոր գործին: Հայրենիքում 3 տարին մեկ կազմակերպվեցին համահայկական խաղերը, պարբերաբար սկսեց անցկացվել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը: Շարունակվեցին ուսուցիչների պատրաստման, վերապատրաստման աշխատանքները, դասագրքերի, ուսումնական ձեռնարկների տպագրումը եւ առաքումը Սփյուռք եւ այլն: Ավանդական դարձան Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովները (1999, 2002, 2006), բիզնես ֆորումները եւ այլն: Պետական մակարդակով կառուցվածքային նոր ձեւ տրվեց Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: 1998թ. ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ձեւավորվեց Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարություն, այնուհետեւ գործակալություն, 2008 թվականի ապրիլից սկսեց գործել Սփյուռքի հետ կապերի պետական կոմիտե: Ի վերջո 2008թ հոկտեմբերի 1-ից ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծմամբ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները նոր հարթություն տեղափոխվեցին, Սփյուռքի նկատմամբ վարվող պետական քաղաքականությունը համակարգված, նպատակային ու հրապարակային դարձավ: Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հեռանկարները, դրանց վաղվա օրը պայմանավորված է այսօրվա հրամայականներով, համազգային առաջնահերթություններով, դրանց ճիշտ ըմբռնմամբ, համադրմամբ եւ լուծմանն ուղղված գործողությունների հստակ եւ նպատակային իրականացմամբ: Գործունեության հեռանկարի գլխավոր հենասյունը պետք է դառնա համազգային առաջնահերթություններին համապատասխան գործողությունների ծրագրի մշակումը, դրանց իրագործման համար դերերի ճիշտ բաժանումը եւ յուրաքանչյուրի անելիքի սահմանումը: Արդի ժամանակահատվածի համահայկական առաջնահերթություններն են` 1. Հայաստանի Հանրապետության զորացում, անվտանգության ապահովում, 2. ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորում, 3. Հայոց ցեղասպանության ճանաչում, դատապարտում եւ հետեւանքների վերացում, 4. Սփյուռքում հայապահպանության հզորացում եւ ուծացման դեմ պայքար, 5. Հայ եկեղեցու շուրջ համախմբում եւ քրիստոնեական հավատքի զորացում: Հայաստանն ու Սփյուռքը հզոր են մեկը մյուսով, Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները Սփյուռքինն են, իսկ Սփյուռքի հիմնախնդիրները` Հայաստանինը: Հայ ժողովրդի հզորությունը բոլոր հայերի հավաքական, միասնական հզորությունն է: Հետեւաբար Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացումն ուղղված է Հայաստանի եւ Սփյուռքի զարգացմանն ու հզորացմանը, հայ ժողովրդի տարբեր հատվածների կարողությունների բազմապատկմանը եւ ուժեղացմանը: Հարցազրույցը վարեց Աննա Կարապետյանը «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալություն |


































