|
27.01.2012 Հրաչ Ասլանյան
Օրինագծի ընդունման գործում շատ կարևոր դեր ունի մարսելահայ իրավաբան Ֆիլիպ Գրիգորյանը
Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծի քվեարկությանը մասնակցեց 213 սենատոր. օրինագիծն ընդունվեց 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով:
Սենատի նիստին հրավիրված էր նաև ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հրաչ Ասլանյանը, ով երեկ է վերադարձել Ֆրանսիայից: Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» թղթակցի հարցազրույցը Հրաչ Ասլանյանի հետ: -Պարո´ն Ասլանյան, փաստորեն դուք Հայաստանից միակ պատվիրակն էիք, ով ներկա էր նիստին: Ինչպե՞ս պատահեց, որ մեկնեցիք Ֆրանսիա:
-Յոթօրյա արձակուրդ ունեի և պետք է մեկնեի Մարսել: Մեկնելուց մի քանի օր առաջ Սենատի նիստին մասնակցելու հրավեր ստացա պատգամավոր, Օրինագծի հեղինակ Վալերի Բուայեի և Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի կողմից: Որոշեցի առիթը բաց չթողնել և ներկա գտնվել քննարկմանը, որը շրջադարձային նշանակություն ուներ հայ ժողովրդի համար: Ինձ հրավիրել էին ոչ միայն որպես ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակից, այլլև որպես Ֆրանսիայի քաղաքացի: Ֆրանսիայի Սենատում ընդունված կարգ է` յուրաքանչյուր սենատոր իրավունք ունի իր անունից հրավիրել 3-5 մարդու, ովքեր կարող են ներկա գտնվել Սենատի այս կամ այն նիստին: Մոտ 25 հոգի Փարիզ մեկնեցինք Մարսելի քաղաքապետ, սենատի անդամ, Սենատում Աջակողմյան ուժերի խմբակցության ղեկավար Ժան Կլոդ Գոդենի պատվիրակության կազմում: Սենատի նիստից մեկ ժամ առաջ՝ տեղական ժամանակով ժամը 14:00-ին, Սենատի շենքի առջև սկսվել էր հայերի և թուրքերի հանրահավաքը: Նախապես Փարիզի քաղաքապետարանը երկու օր առաջ էր արտոնել թուրքերի հանրահավանքը, որպեսզի բախումներ չլինեին, սակայն հետո որոշումը փոխվել էր: Բայց ամեն ինչ վերահսկվում էր անվտանգության աշխատակիցների կողմից, որպեսզի կանխվեին հնարավոր բախումները: Հայերը մոտ 800-1000 հոգի էին, իսկ թուրքերը` մոտ 15000, որովհետև ամբողջ Եվրոպայից էին նրանք ժամանել, և բոլոր ծախսերը հոգացել էր Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատունը: Ժամը 14:50-ին հայկական պատվիրակությունը մտավ Սենատ, իսկ 15:00-ին սկսվեցին Սենատի աշխատանքները: Երբ տեսանք դահլիճում հավաքված պատգամավորներին, մի պահ շփոթմունք ապրեցինք: Դալիճում մեծամասնություն էին կազմում այն խմբակցությունների ներկայացուցիչները (Կանաչների, Ռադիկալ-ձախակողմյան, Կոմունիստական), որոնք, նախապես էլ հայտնի էր, որ դեմ էին քվեարկելու Օրինագծին: Այն ուժերը, որոնք կողմ էին Օրինագծին (նախագահ Սարկոզիի «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը, Սոցիալիստները), փոքրամասնություն էին կազմում: Հետագայում պարզվեց, որ թե´ աջակողմյան, թե´ ձախակողմյան ուժերը իրենց խմբակցության ներսում նախապես համաձայնության էին եկել, որ այն սենատորները, ովքեր դեմ կամ կողմ էին քվեարկելու Օրինագծին, կարող են չմասնակցել նիստին: Անտեղյակ այս ամենին` մենք մտահոգ էինք. մտածում էինք՝ եթե քիչ են Օրինագծին կողմ քվեարկող սենատորները, ապա ինչպե՞ս պետք է համապատասխան ձայներ ապահովեն: Այս ամենը նաև դահլիճում որոշակի ազդեցություն ունեցավ: Ցանկացած թուրքամետ պատգամավորի ելույթի ժամանակ ծափահարողների թիվը շատ մեծ էր, ու մենք մտածում էինք, որ Օրինագիծը չի ընդունվի: Փոխվել էր նաև քվեարկության կարգը, ինչին մենք նույնպես տեղյակ չէինք: Սենատում քվեարկության երկու ձև գոյություն ունի` ձեռքերը բարձրացնելով և խմբակային քվեարկություն. Այսինքն՝ խմբակցության ղեկավարը նախապես ճշտում է իր պատգամավորների տրամադրությունը, վերցնում է նրանց քվեարկության մանդատները և քվեարկում է նրանց անունից: Հավանաբար մեր անհանգստությունը նկատել էր նաև Մարսելի քաղաքապետը, ով անընդհատ մեր ուղղությամբ էր նայում և ձեռքի, գլխի շարժումով մեզ հանգստացնում էր: Այդ ամենը մեզ մի փոքր վստահություն ներշնչեց: Առաջին քայլով Ֆրանսիայի սենատորները դեմ քվեարկեցին ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին օրինագիծը չընդունելու մասին Սենատի Սահմանադրական հանձնաժողովի որոշմանը: Սա առաջին քայլն էր օրինագծի ընդունման ուղղությամբ: Այս որոշումը Հայաստանում սխալ թարգմանվեց, և թյուր կարծիք ստեղծեց: Հետո սկսվեց Օրինագծի յուրաքանչյուր կետի առանձին քննարկումը: Առաջին իսկ քվեարկությունից հասկացանք, որ Օրինագիծն ընդունվելու է, և արդեն մի փոքր հանգստացած՝ սկսեցինք հետևել հետագա զարգացումներին: Նիստին ներկա էր նաև Սենատի և Պառլամենտի հարցերով զբաղվող նախարար Պատրիկ Ուլիեն. նա առաջարկեց բոլոր փոփոխությունների համար մեկ քվեարկություն անցկացնել: Առաջարկն ընդունվեց Սենատի նախագահի կողմից, և մեկ քվեարկությամբ բոլոր փոփոխություններին սենատորները դեմ քվեարկվեցին: Նիստի վերջում արդեն Օրինագիծն ընդհանուր քվեարկության դրվեց և անցավ 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Այն մեծ ցնծություն առաջացրեց ոչ միայն դահլիճում, այլև մեր պատվիրակության շրջանում: Անհնար է բառերով նկարագրել այն զգացողությունները, որոնք մենք ունեցանք Սենատի դահլիճում: Այնուհետև, ի նշան Օրինագծի հաղթանակի, Մարսելի քաղաքապետը մի քանի պատգամավորի, ովքեր կողմ էին քվեարկել, հրավիրեց նշելու հաղթանակը: Հրավիրեց նաև Դիդյե Փարաքյանին և ինձ: Ներկա էր նաև Օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն: Բոլորը շատ ուրախ էին, շնորհավորում էին միմյանց: -Պարոն Ասլանյան, իսկ դրսում ի՞նչ էր կատարվում: -Երբ Օրինագիծն ընդունվեց, թուրքերը գլխիկոր հեռացան, իսկ հայերը երգերով, շնորհակալական բացականչություններով մինչև ուշ գիշեր տոնում էին հաղթանակը: Իսկ առաջին քվեարկությունից հետո, երբ պարզ էր դարձել, որ Օրինագիծն ընդունվելու է, հայերը երգել են Ֆրանսիայի օրհներգը: Հայերի և թուրքերի բողոքի ցույցի տարբերությունն այն էր, որ թուրքերը հանրահավաքի էին եկել թուրքական դրոշներով, Աթաթուրքի նկարներով, իսկ հայերը հիմնականում ծածանում էին ֆրանսիական դրոշները. ընդամենը 1-2 հայկական դրոշ կար հավաքվածների մոտ: Այս ամենը չէր կարող ազդեցություն չունենալ ֆրանսիացիների վրա: - Պարո´ն Ասլանյան, ըստ Ձեզ՝ ո՞րն է այս հաղթանակի գլխավոր պատճառը: - Այս ամենի պատճառը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցն է Հայաստան և երկու երկրների նախագահների ջերմ և ամուր կապերը: -Իսկ համայնքն Օրինագծի ընդունման գործում որևէ դեր չունի՞: -Իհարկե, դեր ունի. համայնքը երկար ժամանակ չարչարվում էր մայիսին տապալված բանաձևի վրա, որը մի քանի անգամ մտավ Սենատ և չընդունվեց: Այնտեղ ուղղակիորեն խոսվում էր Հայոց ցեղասպանության ժխտման մասին: Ներկայիս Օրինագծի ընդունման գործում շատ կարևոր դեր ունի մարսելահայ իրավաբան Ֆիլիպ Գրիգորյանը. կարելի է ասել, որ նրա շնորհիվ ամեն ինչը կատարվեց: Ֆիլիպ Գրիգորյանը երկար տարիներ տարբեր օրենքներ է ուսումնասիրել և գտել է մի օրենք, որի վրա էլ հիմնված է ընդունված Օրինագիծը: Խոսքը 2008 թվականի նոյեմբերի 28-ին Եվրամիության ընդունած Շրջանակային բանաձևի մասին է, որտեղ ասվում է, որ մարդկության դեմ կատարված հանցանքների ժխտողականությունը պատժվում է Եվրամիության տարածքում, և այս օրենքը երկու տարվա ընթացքում պետք է վավերացվի Եվրոմիության անդամ բոլոր երկրների կողմից: Այսինքն՝ Եվրամիության անդամ յուրաքանչյուր երկիր պետք է համապատասխանեցնի իր օրենսդրությունն ըստ այդ օրենքի: Ֆիլիպ Գրիգորյանը ճիշտ ուղի մատնանշեց. նա առաջարկեց թողնել նախորդ նախագիծը, որը չէր ընդունվել, խոսել իրավական լեզվով և հիմնվել Եվրամիության ընդունած Շրջանակային բանաձևի վրա: Մարսելահայ իրավաբանը հանդիպում է Վալերի Բուայեին և հուշում այս մոտեցումը: Հետագան ցույց տվեց, որ այս ձևով ավելի հեշտ եղավ ազդել պատգամավորների, սենենատորների վրա և հասնել ցանկալի արդյունքի: Միաժամանակ Սենատում այն միտքը հնչեց, որ եթե Հոլոքոստը ճանաչվել է, ապա չի կարելի ցեղասպանությունները դասակարգել. եթե մի դեպքում պատժվում է, ապա պետք է պատժվի ընդհարապես: Այսպիսով` Ֆրանսիայում օրենքի ուժ ստացավ մի նախագիծ, որը պատժում է մարդկության դեմ իրականացված քրեորեն պատժվող բոլոր հանցանքները: - Պարո´ն Ասլանյան, իսկ հետագա քայլերը որո՞նք են լինելու: -ՀՀ սփյուռքի նախարարությունը, Իրավաբանների համահայկական ասոցիացիայի հետ համատեղ, փետրվարի 24-26-ը Մարսելում հավաք է կազմակերպելու. հրավիրված են Եվրոպայի բոլոր հայ իրավաբանները, Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչներր, համայնքների ղեկավարները, Ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովների անդամները և հայ ընտրյալները: Ցանկանում ենք, որ Ֆրանսիայի փորձն ուսանելի դառնա բոլորի համար: Հավաքի ընթացքում կքննարկվի, թե ինչ աշխատանքներ պետք է տարվեն Եվրոպական երկրներում, որ այս բանաձևը այնտեղ էլ ընդունվի: Օրինագծի ընդունումից հետո բավականին ակտիվություն է նկատվում, և մի շարք երկրներում` Գերմանիա, Հոլանդիա, սկսում են խոսել այն մասին, որ նմանատիպ օրենք այդ երկրներում նույնպես ընդունվի: Ինչպես ասում են, սառույցն արդեն շարժվել է, և պետք է սպասել նորանոր զարգացումների: Զրուցեց Լուսինե ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ |



































