Որոնում`
 
Օրացույց
 
Հռչակավոր հայեր
Վարդգես Սուրենյանց. «Ես դիլետանտ չկամիմ լինել նկարչության մեջ»
Գեղանկարիչ, գիրք նկարազարդող, թատերական նկարիչ, արվեստի տեսաբան, թարգմանիչ, ճարտարապետ, քանդակագործ՝ այդպիսին էր Վարդգես Սուրենյանցը, այդ բազմաշնորհ արվեստագետը, որի թողած հարուստ ժառանգությունը նոր ավանդ է հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ:
Պատմում են, և դա իրական դեպք է, որ Ղրիմի պատերազմի ժամանակ (1853-1856 թթ.), երբ թուրք հրոսակներն ընդհուպ մոտենում են Ախալցխային, և սկսվում է քաղաքի պաշտպանությունը, տեղի հայերից մեկը՝ հնարագետ ու հանդուգն մի երիտասարդ, հայրենասիրական և կրակոտ ճառերով ու սեփական օրինակով ոտքի է հանում ու զինում բնակչության ոչ այնքան մեծ խումբ, նստեցնում է սմբակներին թաղիք փաթաթած ձիերի վրա, գիշերով անաղմուկշրջանցում թշնամուն ու թիկունքից անսպասելի հարձակումով ջախջախում ու ցիրուցան անում թշնամու մի հսկայական ջոկատ: Այդ երիտասարդը Հակոբ Սուրենյանցն էր, հայ մեծ նկարիչ Վարդգես Սուրենյանցի հայրը:

Գեղանկարիչ, գիրք նկարազարդող, թատերական նկարիչ, արվեստի տեսաբան, թարգմանիչ, ճարտարապետ, քանդակագործ՝ այդպիսին էր Վարդգես Սուրենյանցը, այդ բազմաշնորհ արվեստագետը, որի թողած հարուստ ժառանգությունը նոր ավանդ է հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ:
Վարդգես Սուրենյանցը հանդես եկավ մի ժամանակաշրջանում, երբ հայ հասարակական միտքը նոր զարթոնք էր ապրում: Խաչատուր Աբովյանի ու Միքայել Նալբանդյանի սերմանած առաջավոր գաղափարներն արդեն պարարտ հող էին ստեղծել հայ մտավորականների նոր սերնդի համար:

Վարդգես Սուրենյանցի ստեղծագործական տարիները համընկան մի ժամանակաշրջանի, երբ հանդես եկան Շիրվանզադեն ու Թումանյանը, երբ հայ բեմը կարող էր հետագա սերունդների մոտ պարծենալ իր անկրկնելի Ադամյանով ու Սիրանույշով, երբ հայ երաժշտական կուլտուրան դարերին թողեց Կոմիտասի ու Սպենդիարյանի անունները: Այդ նույն ժամանակաշրջանում մեծ աշխուժություն էր տիրում նաև հայ կերպարվեստում:

Այդ բնագավառի լավագույն ներկայացուցիչները՝ Գ. Բաշինջաղյանը, Հ. Շամշինյանը, Ա. Տեր-Մարուքյանը, Հմ. Հակոբյանը, Ե. Թադևոսյանը և շատ ուրիշներ, իրենց նշանակալից ստեղծագործություններով սկզբնավորեցին հայ կերպարվեստի ռեալիստական այն նոր ուղին, որով հետագայում ընթացան բազմաթիվ ստեղծագործողներ: Այդ պատվավոր գործում իր լուման ներդրեց նաև Վարդգես Սուրենյանցը:

Վարդգես Սուրենյանցը ծնվել է Ախալցխայում 1860թ. փետրվարին: Հայրենի գեղատեսիլ բնության մեջ են անցել նրա մանկության տարիները:
Ապագա նկարիչը դեռ յոթ տարեկան էր, երբ հայրը՝ Հակոբ ավագ քահանա Սուրենյանցը, նշանակում է ստանում Սիմֆերոպոլում: Նա ափսոսանքով է թողնում Ախալցխան, ափսոսանքով է թողնում այն քաղաքը, որի ոսկերիչների նուրբ, մանրակրկիտ աշխատանքը, կանանց զմայլեցուցիչ ասեղնագործության նմուշները Փարիզի և Վիեննայի համաշխարհային  արվեստահանդեսներում մի շարք անգամներ արժանացել էին բարձր գնահատականի: Սուրենյանցները՝ որպես արվեստի ընտանիք, Սիմֆերոպոլում ջերմ ընդունելություն են գտնում ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կողմից:

Այդ տարիներին փոքրիկ Վարդգեսը մասնակցում է Հովհաննես Այվազովսկու ընտանիքի կատարած ճանապարհորդությանը դեպի Բախչիսարայ: Այնտեղ նրա վրա մեծ տպավորություն են թողնում գեղատեսիլ կիրճում գտնվող Չուրուկ-Սու գետը, ավելի քան 350 տարվա պատմություն ունեցող Աբդուլ Սախալ Գիրեյ խանի կառուցած պալատի սրահները, գեղեցիկ այգիները, մարմարյա շատրվանները և հատկապես նշանավոր Արցունքի շատրվանը, որից փոքրիկ Վարդգեսը հեռանալ չի կարողանում:

Տանը նա հիշողությամբ նկարում է այդ շատրվանը՝ հիացմունք պատճառելով մեծ ծովանկարչին, որն այդ փոքրիկ աշխատանքի մեջ տեսնում է ապագա նկարչի տաղանդը…

 1870թ. Հակոբ Սուրենյանցը Վարդգեսին ուղարկում է Մոսկվա` Լազարյան ճեմարանում ուսանելու, որտեղ ապագա նկարիչը մեծ սիրով է ուսումանասիրում հատկապես լեզուները: 1875թ. Լազարյան ճեմարանի մանկավարժական խորհուրդը, նկատի ունենալով Վարդգես Սուրենյանցի նկարչական ընդունակությունները, որոշում է նրան տալ թոշակ և տեղավորել այն ժամանակ գեղարվեստական կյանքում խոշոր հեղինակություն ունեցող Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում:

Հետագայում, համաձայն հոր՝ Հ. Սուրենյանցի որոշման, Վարդգես Սուրենյանցը մեկնում է Մյունխեն, որտեղ մեկ տարի ուսանում է տեղի պոլիտեխնիկական բարձրագույն դպրոցի ճարտարապետական ֆակուլտետում: Թողնելով պոլիտեխնիկական կրթությունը՝ Վ. Սուրենյանցն ընդունվում է Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, որտեղ սովորում է գերմանացի նկարիչ-ժանրիստ Օտտո Զեյցի արվեստանոցում:

Սուրենյանցի այս քայլն անակնկալ հարված էր նրա հոր համար, որը և բազմաթիվ նամակներով համոզում է որդուն թողնել ակադեմիան և վերադառնալ ճարտարապետության ուսումնասիրությանը, սակայն հոր խնդրանքները հանդիպում են որդու՝ սեփական առաքելությունը գիտակցող մարդու համառությանը: «Ես նկարիչ եմ և չեմ ուզում ընկնել երկու բանի ետևից: Ես դիլետանտ չկամիմ լինել նկարչության մեջ: Վերջապես դեպի ճարտարապետությունը չունիմ այն համակրությունը, այն ձգտումը, որ կարողանամ ինձ համար [ստեղծված] դժվարությունները հաղթահարելով ավարտել»,- այս մասին Գրիգոր Խալաթյանին ասում է Սուրենյանցը, երբ Խալաթյանը, ճանապարհորդելով Եվրոպա, Մյունխենում առաջին իսկ օրը լինում է Վարդգեսի մոտ և, նկարչի հոր համաձայնությամբ, համոզում նրան թողնել նկարչությունը:

Կրելով նյութական զրկանքներ, դժվարություններ՝ Վարդգես Սուրենյանցը շարունակում է ուսումը Գեղարվեստի ակադեմիայում և իր աշխատանքների վաճառքից ստացած գումարով, հետևելով Օտտո Զեյցի խորհուրդներին, մեկնում է Իտալիա:

Այդ ճանապարհորդության ժամանակ նա լինում է Միլանում, Ֆլորենցիայում, Հռոմում, որոշ ժամանակ ապրում է Վենետիկի Ս. Ղազար կղզում, որտեղ նրան ամենից շատ հրապուրում են Մխիթարյանների հարուստ գրադարանը և այնտեղ պահպանվող հայկական ձեռագրերը: Ճանապարհորդությունից բերած էտյուդները Վ. Սուրենյանցը ցուցադրում է ուսանողական հերթական ցուցահանդեսներում՝ արժանանալով մասնագետների բարձր գնահատականին:
Վ. Սուրենյանցի մյունխենյան շրջանի մասին հայտնի է, որ նա մտերիմ է եղել ախալցխացի երիտասարդ Լևոն Մութաֆյանի հետ, որի դիմանկարը, նկարված Մյունխենում, 1883թ., պահպանվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Սուրենյանցի հետ այդ տարիներին Մյունխենում սովորել է նաև հունգարացի ապագա նշանավոր նկարիչ, ծագումով հայ Սիմոն Հոլոշին: 1883-1885 թթ. Մյունխենում է լինում ռուս նկարիչ Ա. Դ. Կիվշենկոն և բարեկամանում Սուրենյանցի հետ:

1885թ. հաջողությամբ ավարտելով ուսումը Մյունխենում՝ Վ. Սուրենյանցը վերադառնում է Մոսկվա: Այդ օրերին, Կայսերական հնագիտական ընկերության Արևելյան բաժանմունքի հանձնարարությամբ, մի արշավախումբ է ուղևորվում Պարսկաստան, որը ղեկավարում է ռուս նշանավոր իրավագետ, Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Վալենտին Ալեքսեևիչ Ժուկովսկին: Վ. Սուրենյանցը արշավախմբի հետ որպես նկարիչ մեկնում է Պարսկաստան: Այդ ճանապարհորդության ժամանակ նա առաջին անգամ լինում է իր երազած Հայաստանում, տեսնում նրա ավերակ ու կանգուն հուշարձանները, հիանում նրա բնաշխարհով, որ կախարդական հեքիաթի նման դարձել էր պատանի արվեստագետի երազանքը:

Նա տեսնում է Արարատը, Արաքսը, գրեթե ավերակ դարձած Հին Ջուղան, լինում է Թավրիզում,  Զինջանում, Թեհրանում: Պարսկաստան կատարած ճանապարհորդությունից հետո՝ 1889թ., Վ. Սուրենյանցը հրավիրվում է Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում նկարչություն դասավանդելու:
Այդ հրավերն իրականացվում է Հովհ. Հովհաննիսյանի միջնորդությամբ, որն այդ ժամանակ ճեմարանում դասավանդում էր ռուսաց լեզու և ընդհանուր մատենագիտության պատմություն:

Էջմիածնում Վ. Սուրենյանցը մեծ ոգևորությամբ ձեռնամուխ է լինում նաև վանքի հարուստ գրադարանում պահպանվող ձեռագրերի ուսումնասիրությանը, ընդօրինակություններ է կատարում բազմաթիվ ձեռագրերի մանրանկարներից, որոնք նա ցուցադրում է 1898թ. Մոսկվայում բացված Պատմական նկարիչների ընկերության 3-րդ ցուցահանդեսում: 1891թ. Սուրենյանցը, փակելով իր հաշիվները ճեմարանի ղեկավարության հետ, հեռանում է Էջմիածնից:
Արվեստագետի հետագա կյանքն ու գործունեությունը հիմնականում կապված են Մոսկվայի և Պետերբուրգի գեղարվեստական աշխարհի հետ, որտեղ ստեղծագործական աշխատանքի հետ մեկտեղ նա զբաղվում է հասարակական բազմակողմանի գործունեությամբ:

1894թ. Սուրենյանցի ազգանունը կարդում ենք ռուս նկարիչների համագումարը կազմակերպողների, ինչպես նաև քարտուղարության ցուցակում: 1895թ. Սուրենյանցն ընտրվում է Պատմական նկարչության ցուցահանդեսները կազմակերպող վարչության անդամ: 1890-ական թվականներին ռուսական իրականության մեջ առաջ է քաշվում նկարչական դպրոցների բացման հարցը: Այդպիսի դպրոցներ բացվում են Պենզայում, Խարկովում, Յարոսլավում:
Նկարչական դպրոց բացելու հարցը հասունացել էր նաև Անդրկովկասի համար, որտեղից բազմաթիվ շնորհալի երիտասարդներ էին մեկնում Ռուսաստան՝ գեղարվեստական կրթություն ստանալու նպատակով: 1896թ. ռուս անվանի նկարիչ Ի. Ռեպինը մի հոդված է գրում Թիֆլիսի <Кавказ> թերթում՝ <Нужна ли школа искусств в Тифлисе?> վերնագրով: Ռեպինը գրում է. «Թիֆլիսի համար, որքան ինձ թվում է, չի կարելի գտնել տեղական դպրոցի ավելի լավ հիմնադիր, քան Սուրենյանցն է»:

Սուրենյանցը զբաղվել է նաև հասարակական գործունեությամբ. 1915թ. աշնանը՝ Էջմիածին գնալու ճանապարհին, Թիֆլիսում նա մասնակցում է «Հայ արվեստագետների միության» կազմակերպական աշխատանքին, իսկ Էջմիածնից վերադառնալիս՝ որպես ավագ անդամ, ներկա է  լինում առաջին հիմնադիր ընդհանուր ժողովին, որտեղ առաջ է քաշում հայաբնակ գավառներում ցուցահանդեսներ կազմակերպելու հարցը, ինչը, ըստ նրա, կօգներ ժողովրդի գեղարվեստական ճաշակի զարգացմանը:

Սուրենյանցն առաջինն էր, որ հայ իրականության մեջ հանդես եկավ «Կլասիկ գեղարվեստի մասին» դասախոսությամբ: 1899թ. Սուրենյանցը, հրատարակելով իր կապիտալ աշխատանքներից մեկը՝ Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմի համար կատարած նկարազարդումները, այն նվիրում է Հովհ. Այվազովսկուն, իսկ վերջինիս մահից հետո կերտում է նրա կիսանդրին:

Սուրենյանցը բարեկամական հարաբերությունների մեջ է եղել Պետրոս Ադամյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Ալեքսանդր Ծատուրյանի և այլոց հետ: Սուրենյանցի վրձնին են պատկանում «Ադամյանը Օթելլոյի դերում» յուղաներկ աշխատանքը: Հայ մեծանուն նկարիչը ձևավորել է Ալ. Սպենդիարյանի մի շարք երգերի հրատարակությունները, «Այ վարդ»-ի ազդեցության տակ վրձնել է «Աղերս առ վարդ» նկարը:
Հայտնի է, որ Ղրիմում եղած ժամանակ Սուրենյանցն անվանի կոմպոզիտորին՝ Ալ. Սպենդիարյանին հուշում է «Շամիրամ» օպերան գրելու միտքը: 1909թ. լույս տեսավ «Մի լար, բլբուլ» երգը, որտեղ միաձույլ հանդես եկան բանաստեղծ Ալ. Ծատուրյանի, կոմպոզիտոր Ալ. Սպենդիարյանի և նկարիչ Վ. Սուրենյանցի աշխատանքները:
Վ. Սուրենյանցը բազմաթիվ հանդիպումներ է ունեցել Հովհաննես Թումանյանի հետ: Մեծ բանաստեղծի ժառանգների վկայությամբ, երբ Թումանյանը 1912թ. դուրս է եկել բանտից և ժամանակավորապես բնակվել իր բարեկամներից մեկի տանը, Վ. Սուրենյանցը վրձնել է նրա դիմանկարը:
Հարկ է նշել, որ Սուրենյանցն ունեցել է ընդամենը մեկ անհատական ցուցահանդես՝ 1901թ.  Բաքվում: Մյուս ամբողջական նկարահանդեսը բացվել է Սուրենյանցի մահվանից տասը տարի հետո Երևանում, 1931թ.:

 Հայ և այլազգի մասնագետները չափազանց բարձր են գնահատել Սուրենյանցի աշխատանքները: Արվեստաբանները և արվեստագետները հիացել են հատկապես «Ոտնահարված սրբություն», «Հռիփսիմեի վանքը» կտավների վարպետությամբ ու տրամադրությամբ: Վերջին ստեղծագործությունը, որը 19-րդ դարավերջի թերևս ամենաողբերգական բնապատկերն է, Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրել վրաց հայտնի պետական գործիչ Մ. Օրախելաշվիլին:
«Սուրենյանցն առաջինն է գնահատել և ընտրել Հռիփսիմե վանքն իբրև հայկական միջնադարյան մշակույթի խորհրդանիշ: Մարգարեական ընտրություն. չէ՞ որ Ստրժիգովսկու, Թումանյանի հրապարակումները, Նիկողայոս Մառի բացահայտումները դեռ առջևում էին»,- գրում է Նոնա Ստեփանյանը:
Սուրենյանցին բարձր էր գնահատում ռուս խոշոր արվեստաբան Վ. Ստասովը, իսկ խստաճաշակ Ռեպինը «երկինք է բարձրացրել» նույնիսկ վիճահարույց «Հաֆեզը» կտավը:
Վարդգես Սուրենյանցն իր ժամանակակիցների կողմից սիրվել է ոչ միայն որպես նկարիչ, այլև որպես ընկեր, մարդ, բարեկամ. «Ռոստովում մենք երկար ժամանակ անցկացրինք իրար հետ, մինչև նա գնաց Արմավիր... օրը մառախլապատ էր, և անձրև էր մաղում, նա պատրաստվում էր ճանապարհի համար, երկուսս էլ տխուր էինք, ինչը համապատասխանում էր օրվա եղանակին: Լուռ ու մունջ նստեցինք ճաշելու, մի-մի բաժակ անուշահամ հունական, Նախիջևանում շատ ընդունված «Սանատուրին» գինի խմելուց հետո լեզուներս բացվեց:

 «... Ես շատ եմ թափառել օտար հորիզոններում, տառապել եմ, հոգնել, արդյո՞ք մի օր լուսո աստղ կծագի, որ կարողանանք խաղաղ, անդորր, մի հացուջրով ապրել, մեր մաքուր օդը շնչել, մեր հովուզովով հիանալ, մեր հալալ հացով հագենալ, արդյո՞ք մեր տառապանքին վերջ կլինի»,- աչքերը երկինք հառած` հարցրեց Վարդգեսը:

... Օրը երեկոյանում էր, նա վեր կացավ երթալու և խնդրեց, որ չերթամ իրեն ճամփա գցեմ, ինքը դա չի սիրում: Մենք գրկախառնվեցինք, ես տաք արցունքներով թրջեցի նրա երեսը: Նա գնաց, ես էլ չտեսա նրան, ես նրան կորցրեցի աչքիցս և այլևս չգտա կենդանի:

Անցավ որոշ ժամանակ, ես տեղեկացա, որ նա ընդունել է Բաքվի ունևոր Ղուկասյանների պատվերը՝ նկարազարդել Յալթայում շինվող իրենց եկեղեցին և մեկնել Ղրիմ: Նա այնտեղ հիվանդացել է և վախճանվել 1921թ. ապրիլի 6-ին»,- Վարդգես Սուրենյանցին նվիրված հուշերում գրում է բանաստեղծ Երվանդ Շահազիզը:

|

 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, Ք Երեւան, 0010, Հանրապետության 62, բն. 98
Հեռ.` 54-22-49