Քոբայրի վանական համալիր
Անպայման այցելեք Քոբայրի վանական համալիր։ Այն ժամանակին եղել է գրչության ու մշակութային կարևոր կենտրոն։
Շինությունների հիմնական խումբը բաղկացած է երեք եկեղեցուց, զանգակատուն-տապանատնից, սեղանատնից, մատուռներից, խաչքարերից, պարսպապատերի մնացորդներից։ Վանական համալիրը գտնվում է բարձրադիր տարածքում։
Թռչկանի ջրվեժ
Եթե ցանկանում եք վայելել Հայաստանն իր ամբողջ գեղեցկությամբ, բացահայտել ջրային տարածքները, այցելեք Թռչկանի ջրվեժը։ Այն գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին՝ Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։
Տեղի բնակիչներն այն Չռան են անվանում, որը Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձրը և ջրառատն է: Ամառն այստեղ շուտ սկսվում և շուտ էլ ավարտվում է։
Շամլուղի լճակ
Շամլուղի լճակը գտնվում է Լոռու մարզի Շամլուղ գյուղական համայնքում։ Գրանցված է բնության պետական հուշարձանների ցանկում։
Մեկ անգամ այցելելով՝ կտեսնեք, թե որքան յուրօրինակ գունապնակ է բնությունը ստեղծել, որպեսզի այստեղ տնօրինեն ներդաշնակությունն ու հանգստությունը։
Դսեղի Ծովեր լիճը
Ծովեր լիճը հիշատակվել է հայ նշանավոր գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի աշխատություններում: Թումանյանը սիրում էր այս վայրը և հաճախ էր գալիս այստեղ իր ընկերների հետ: Ծովեր լիճ տանող ճանապարհն անցանելի է։ Այնտեղ կարելի է հասնել անձնական մեքենայով կամ օգտվելով տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տեսարժան վայրեր։
Խորակերտի վանք
Խորակերտի վանքը գտնվում է Լոռու մարզի Ջիլիզա գյուղի մոտ՝ Լալվար լեռան արևմտյան փեշերին։ Շրջակայքի հնագույն շինությունների հետքերը թույլ են տալիս ենթադրել, որ այդտեղ է եղել Խորակերտ կամ Խոռակերտ քաղաքը, որի հիմնադրումը Վարդան Պատմիչը վերագրում է Հայկի որդի Խոռին։