×

Հայաստանը «Էքսպո 2020 Դուբայ» ցուցահանդեսին կներկայանա «Էթնոթեք» կոնցեպտով

16.09.2021

2021 թ. հոկտեմբերի 1-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կմեկնարկի «ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսը, որին առանձին տաղավարով կմասնակցի նաև Հայաստանը: Տարվա խոշորագույն բիզնես-մշակութային միջոցառումը կտևի շուրջ 6 ամիս՝ մինչև 2022 թ. մարտի 31-ը:

Սեպտեմբերի 15-ին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Էքսպոյում Հայաստանի տաղավարի հաղորդակցության թիմը աշխատանքային հանդիպում էին կազմակերպել հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ցուցահանդեսի ընթացքում ԶԼՄ-ների աշխատանքի կազմակերպման և ընդհանուր առմամբ Հայաստանի մասնակցության թեմայով: Կազմակերպիչները հայ լրագրողներին ներկայացրեցին «Էքսպո 2020»-ին հավատարմագրվելու ընթացակարգը:

Բոլոր լրատվամիջոցները կարող են գրանցվել համակարգում և ամբողջ 6 ամսվա ընթացքում ստանալ ցուցահանդեսի լուսաբանման համար անհրաժեշտ տեղեկատվություն՝ տեսանյութեր, լուսանկարներ և մամուլի հաղորդագրություններ։ Գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել media.expo2020dubai.com էլեկտրոնային հասցեով՝ լրացնելով անհրաժեշտ տվյալները:

 «Էքսպո 2020 Դուբայ»-ում Հայաստանը հանդես կգա «Էթնոթեք» կոնցեպտով՝ աշխարհին ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները և տեխնոլոգիական հավակնությունները:

Լինելու է նաև ապրանքատեսակների ցուցադրություն, որի շրջանակում հանդես կգա նաև Հայաստանը: «Made in Armenia» («Արտադրված է Հայաստանում») խորագրով քառօրյա ցուցահանդեսին, որը տեղի կունենա 2022 թ. հունվարի 29-ից մինչև փետրվարի 1-ը, մասնակցելու են հայկական ընկերություններն ու արտադրողները՝ հնարավորություն ստանալով ոչ միայն ներկայացնել հայկական ապրանքներն ու ծառայությունները համաշխարհային շուկայում, այլև ստեղծել բիզնես կապեր և հանդիպել օտարերկրյա պոտենցիալ գործընկերների ու ներդրողների հետ:

Հայաստանի օրը «Էքսպո 2020 Դուբայ»-ում կլինի 2022 թ. հունվարի 30-ին: Այդ օրը էքսպո քաղաք կայցելի Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունը՝ երկրի առաջին դեմքի գլխավորությամբ: Օրվա շրջանակներում տեղի կունենան նաև մշակութային միջոցառումներ:

«Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսն անցկացվելու է Դուբայի հոյակերտ «Ալ Ուասլ» պլազայում (Al Wasl Plaza): Կմասնակցի 192 երկիր:

Էքսպո քաղաքը Դուբայում բաժանված է 3 գոտիների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝ «Հնարավորություն» (Opportunity), «Կայունություն» (Sustainability) և «Շարժունություն» (Mobility): Հայաստանի տաղավարը տեղակայված է «Հնարավորություն» գոտում:

«Էքսպո 2020 Դուբայ»-ում Հայաստանի տաղավարի տարբերանշանը առաջին հայացքից կհիշեցնի QR կոդ՝ որպես ինֆորմացիայի հասանելիության ամենաարագ միջոց: Լոգոտիպի առանցքը հնագույն գորգագործության մեջ ընդունված Կենաց ծառի խորհրդանշանի պիքսելային պատկերն է՝ ՀՀ պետական դրոշի գույներով:

Դուբայի համաշխարհային ցուցահանդեսը պետք է անցկացվեր 2020 թվականին, սակայն հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Համաշխարհային այս էքսպոն աշխարհի ամենահին ցուցահանդեսային միջոցառումներից մեկն է: Այն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ: Առհասարակ, միջազգային ցուցահանդեսները աշխարհում անցկացվում են շատ վաղուց՝ դեռևս 19-րդ դարից: Ի դեպ, Էյֆելյան աշտարակը, որն այսօր աշխարհի ամենահայտնի դիտարժան վայրերից է, կառուցվել է 19-րդ դ. վերջին Փարիզում անցկացվող էքսպոյի նպատակով: