×

«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում աննախադեպ ծրագրեր է իրականացնում

16.09.2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հիմնադրամի հովանավորությամբ Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքն ու նոր նախագծերի հեռանկարները:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում աննախադեպ ծրագրեր է իրականացնում, դրանց շարքում առանձնանում է տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը:

«Այս պահի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում իրականացնում է շուրջ 1075 բնակարանների շինարարության ծրագիր, ընդ որում՝ դրանցից 530-ը՝ Ստեփանակերտում, 224-ը՝ Աջափնյակում, 50-ը՝ Հովսեփավանում, 200 բնակարան և 80 առանձնատուն՝ Իվանյանում: Իրականացնում ենք նաև ճանապարհաշինարարական ծրագրեր, որպեսզի մարդկանց շարժն ավելի դյուրին լինի: Այս այցի ընթացքում ականատես եղանք մի շարք շինարարական ծրագրերի ընթացքին: Նախատեսում ենք կյանքի կոչել նաև այլ նախաձեռնություններ, մասնավորապես՝ Ստեփանակերտում՝ մոտ 120, Ասկերանում՝ 32 բնակարաններով բնակելի շենքերի, Ճարտար և Բերդաշեն համայնքներում արտաքին ջրատարերի կառուցում, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքի 5.4 կմ ճանապարհահատվածի բարեկարգում: Ա. Խլղաթյանը ծրագրերի ընթացքը գնահատում է բավարար և ըստ գրաֆիկի: «Թումանյան փողոցում արդեն ունենք ավարտման փուլում գտնվող երկու բնակելի շենք, որոնցից մեկն ունի 108, իսկ մյուսը՝ 153 բնակարան: Մինչև տարեվերջ մոտավոր 300 բնակարան կտարամադրվի տեղահանված մեր հայրենկիցներին»,- մանրամասնել է նա: