Սան Ֆրանցիսկոյում հակահայկական գործողությունները կանխելու համար Հայ դատի հանձնախումբը սկսել է տեղեկատվական արշավ
24.12.2020
Սան Ֆրանցիսկոյի հակահայկական գործողությունները սկսվեցին հուլիսին, երբ հայկական վարժարանի պատերին սպառնալի գրություններ հայտնվեցին։ Հեղինակներին դեռ փնտրում են։
«Առաջին հարձակումն ուղղված էր մեր Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական վարժարանի վրա։ Տեսանք, որ դիմացի պատի վրա ծայրից ծայր գրված են անկիրթ, հակահայկական, սպառնացող գրություններ»,- «Հայերն Այսօրի» հետ զրույցում պատմեց Ռոքսաննա Մաքասջյանը։
Դեպքին պատշաճ արձագանք էր պետք տալ։ Այդ նպատակով Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանի Հայ դատի գրասենյակը ժողով արեց, զգոնության կոչ արեց ու տեղի իշխանություններին հայտնեց դեպքերի մասին։
«Վարժարանի վրա հարձակումից հետո դժբախտաբար տեղի ունեցավ այն, ինչից վախենում էինք: Ավելի վնասակար հարձակում եղավ։ Մեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շենքը, որ մեր մշակութային կենտրոնն է, հրկիզել էին։ Չնայած որ շենքի պատերը դեռ կայուն են, վստահ չենք, թե ինչքան կդիմանան, իսկ ներսի հատվածը գրեթե անգործածելի է»,-ասաց նա։
Շենքը 1900-ականներին էր կառուցվել, որտեղ եկեղեցու գրասենյակն էր, կիրակնօրյա վարժարանը։ Պահվում էին հազվագյուտ գրքեր, Հայ դատի հանձնախմբի փաստաթղթերը, որոնք ամբողջությամբ ոչնչացված են։
«Նրանք, որ այս ոճիրը գործեցին, շատ լավ գիտեին՝ ում վրա են հարձակվում, եւ հաջորդ օրը կրկին վարժարանի վրա հարձակում տեղի ունեցավ, մեկը զենքով կրակել էր դպրոցի վրա։ Գնալով այս հարձակումները զարգանում են ու ավելի վտանգավոր են դառնում»,- եզրափակեց Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի ներկայացուցիչը։
Նմանատիպ դեպքերը կանխելու և մեղավորներին պատժելու համար Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները սկսել են տեղեկատվական արշավ, ակտիվացրել են իրավապահ մարմինների, իշխանությունների և մամուլի հետ կապերը։ Համայնքում դրամահավաք են սկսել եկեղեցու հարակից շենքը վերականգնելու համար։