×

Ֆրանսիայում ծեծկռտուքի ժամանակ մուրճով հարված ստացած հայ ցուցարարի վիճակը ծանր է․ կա մոտ 10 վիրավոր

28.10.2020

Ֆրանսիայում հայերի վրա թուրքերի հարձակումն անսպասելի է եղել ցույցի մասնակիցների համար։ Բողոքի ակցիան իրականացվել էր ի պաշտպանություն Արցախի, մասնակցել է մոտ 300 հայ։ 

«Մենք Լիոնի ճանապարհն էինք փակել, իսկ դեպի Վալանս գնացող ճանապարհն էլ մեր ընկերներն էին փակել, խաղաղ ցույց էր, ոչ մի ագրեսիա չկար։ Մեկ էլ հանկարծ մոտ 5-6 հոգի հարձակվեցին մուրճով, դանակով, դուբինկայով, ու խառնաշփոթ եղավ։ Մենք էլ, որ գոռում էինք՝ «Էրդողան տեռորիստ», նրանք էլ երևի գազազեցին, եկան», - «Հայերն այսօրին» պատմել են ծեծկռտուքի ականատեսները։ 

Նրանց խոսքով՝ հարձակվող անձինք հենց այն մայրուղու խցանման մեջ էին հայտնվել, որն իրենք փակել էին։ Մուրճով հարվածել են իրենց կողքին կանգնած ընկերոջը, որին առաջին օգնություն են ցուցաբերել։ 

«Մարդիկ կային, որոնք հարվածներից ուսն էր կոտրվել կամ վնասվել, մեկի ձեռքն էր։ Մեզ հետ կանայք էլ կային, երիտասարդ աղջիկներ էլ, նրանցից էլ կային վիրավորներ։ Դեպքից հետո մի քանի շտապօգնության մեքենա եկավ, որ վիրավորներին տաներ», - պատմել է ցույցի մասնակիցը։

Ծեծկռտուքի հետևանքով մոտ 10 հայ է վիրավորվել։ Ըստ ականատեսների՝ մուրճով գլխից հարված ստացած քաղաքացին տեղափոխվել է Լիոնի հիվանդանոց, իսկ վիրավորներից շատերը հենց տեղում են ստացել առաջին բուժօգնությունը․ «Ասացին, որ մեր ընկերոջ գանգոսկրն է վնասվել։ Հիմա ծանր է վիճակը»։

Նրանց խոսքով՝ ծեծկռտուքից մոտ 10 րոպե հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանները և կանխել միջադեպի շարունակությունը