×

Արցախի նախագահի նման՝ սուրճով ու համազգեստով․ փոքրիկ Հարութը նմանակեց Արայիկ Հարությունյանին ու սկսեց դրամահավաք

03.11.2020

«Հաղթելու ենք», - վստահաբար ասում է փոքրիկ Հարութը, որի լուսանկարը լայն տարածում գտավ այս օրերին։ Ճիշտ այնպես, ինչպես Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ սուրճով ու հանդարտ վճռակամությամբ։ 

«Ես ուզում եմ Արցախ գնալ, սուրճ չեմ կարող խմել, բայց պարոն Արայիկի հետ նկար կանեմ»,- «Հայերն այսօրի» հետ զրույցում ասաց ամերիկաբնակ Հարութ Բոյաջյանը։

Հարութի մայրը՝ Նանոր Բոյաջյանը, կատարել է որդու ցանկությունը՝ մի քանի րոպեով լինել զինվոր։ Հարութն ընտրել է Արայիկ Հարությունյանի նկարն ու քրոջ հետ դարձել հայտնի։

«Արայիկ Հարությունյանի այդ նկարը հոյակապ նկար է մեզ համար։ Մտածեցի՝ նկարը դնեմ, որ մարդիկ տեսնեն, միգուցե ուրախություն կբերի այս տխուր օրերում»,-նշեց նա։

Մարդկանց դրական հույզեր փոխանցելուց բացի, մայրը մտածել է նկարն օգտագործել զինվորներին աջակցելու համար։ Դրամահավաք են սկսել։ 

«Ստեղծեցինք դրամահավաքի էջ, որպեսզի հավաքված գումարներն ուղղվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին և հասնին մեր զինվորներին։ Էջում նշել էինք 10 հազար, արդեն հավաքվել է 7500-ը։ Գրեթե հասնում ենք մեր նպատակին։ Կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի մեր զինվորները հաղթեն և վերադառնան իրենց տուն, իրենց ընտանիքներին և զավակներին»,-եզրափակեց Նանոր Բոյաջյանը։

Իսկ Հարութը ևս մեկ անգամ վստահեցնում է՝ հայ զինվորները հաղթելու են չարին։