×

Թևնոցների վաճառք և դաշնամուրային պարապմունքներ․ սփյուռքահայերը գումար հավաքելու այլ տարբերակներ են գտել

01.11.2020

Սփյուռքահայերն այս օրերին բազմաթիվ ձևերով փորձում են աջակցել Հայաստանին և Արցախին՝ կազմակերպելով բողոքի ակցիաներ, դրամահավաքներ, ավտոերթեր և հումանիտար օգնություն։ Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում բնակվող Հասմիկ Գզիրյանը «Հայերն այսօր»-ին պատմել է, որ պատերազմի մասին լուրը լսելուն պես որոշել է աջակցել հայրենիքին՝ թևնոցներ գործելով և վաճառելով։ Ստացված գումարը նվիրաբերելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ 

«Պատեպատ էինք տալիս մեզ՝ ի՞նչ անենք, ու ծնվեց այս գաղափարը։ 20 թևնոց էի գործել, մտածեցի՝ եթե 20 հատը 2 եվրոյով վաճառվի, արդեն 40 եվրո կլինի, մեկ էլ տեսար՝ մի քիչ ավելի։ Ու ես չկարողացա ուղղակի աչքերիս հավատալ, թե ինչպես 60 պատվեր ունեցա։ Սկսեցի նստել ու արագ-արագ գործել, որովհետև հասկացա, որ այս 20 հատը շատ-շատ քիչ էր», - ասել է նա։

Պատվիրատուները ոչ միայն Գերմանիայից են, այլ նաև մյուս երկրներից։ Թևնոցները փաթեթավորվում են և փոստով հասնում հասցեատիրոջը։ Հասմիկն արդեն 500-ից ավելի պատվեր ունի։

Գերմանիայի մեկ այլ քաղաքում՝ Հանովերում էլ բնակվող Հասմիկ Թադևոսյանի տանը պատերազմի առաջին օրերից դաշնամուրի ստեղները չեն լռում։ Նպատակը մեկն է՝ դաշնամուրի դասեր անցկացնել և պարապմունքներից գոյացած ամբողջ գումարը մեկ տարի շարունակ ուղարկել համահայկական հիմնադրամին։

«Ես գիտեմ, որ շատ-շատերն են և՛ սփյուռքից, և՛ Հայաստանից օգնում և գումար ուղարկում, բայց շատ կուզեի, որ դա չլիներ մեկանգամյա, երկանգամյա, այլ լիներ ինտենսիվ։ Բազմաթիվ արձագանքներ կան, խնդրանքներ՝ օնլայն պարապելու։ Տեսնենք՝ ինչպես կստացվի», - «Հայերն այսօրին» պատմել է նա։

Գերմանաբնակ հայուհիներն արդեն նոր գաղափարներ են մտածում Հայաստանին և Արցախին օգնելու համար՝ հավատով սպասելով, որ շուտով խաղաղություն կլինի։