×

Garoon Tech-ը հեշտացնում է ֆերմերների աշխատանքը

09.09.2020

Ի՞նչ կլինի, եթե մի օր ծրագրավորողն ու այգեգործը հանդիպեն. կստացվի այս պատկերը։ Կադրում Գարուն թեքի մասնագետն է և սահմանամերձ   Ոսկեպարի այգեպանը։ Պարզվում է՝ այգին կարելի է խնամել նաև այսպես՝ լուսանկարելով։

Ծանոթացեք՝ Հայկ Բադալյանն է։ Գարունը Նիդերլանդներից Հայաստան նա՛ է բերել, երբ տեսավ՝ գյուղատնտեսությունը պետք է զարգացնել նաև տեխնոլոգիաներով։

«Նիդերլանդներում ինձ հիմնականում գրավեցին ոչ թե տեխնոլոգիաները, այլ էմոցիաները։ Տեսնում էի, թե ինչ հաճելի և հեշտ է այգեգործների աշխատանքը, հետո հիշում էի, թե ինչ տանջանք է մեզ մոտ»։

Գարուն թեքի բանաձևը պարզ է. այգեգործը լուսանկարում է հիվանդ բույսը, այն հավելվածով ուղարկում բուսաբույծին, ստանում ճշգրիտ խորհրդատվություն։ Շահում է երկու կողմը։ Այգեգործն ստանում է արագ և ճշգրիտ խորհրդատվություն, բուսաբույծն էլ հեռահար եղանակով գումար է աշխատում։

«Խորհրդատվական հարթակը հիմա թեստավորման փուլում է։ Հավելվածը հենց այս պահին թեստավորվում է մարզերում։ Մեր թիմի մի մասը մարզում է, անցկացնում է թեստավորումներ, հավաքագրում կարծիքներ»։ 

Գաղափարն իրականություն դարձավ «Ներուժ» ծրագրի միջոցով։ Նախ 2018-ին Հայկը որոշեց Նիդերլանդներից վերադառնալ Հայաստան և մասնակցել առաջին Ներուժ ծրագրին։ Հաջողությունը ժպտաց, երբ երկրորդ անգամ մասնակցեց ծրագրին։ Պետական դրամաշնորհով Հայկն ընկերոջ հետ հիմնեց Գարուն թեք ընկերությունը, հետո էլ ստեղծեց աշխատատեղեր։ Հիմա 12 հոգով են։

«Շփվեցինք բավականին տարբեր ավագ մասնագետների հետ, լսեցինք խորհուրդներ։ Ներուժի հովանավորներն օգնեցին գրանցել կազմակերպությունը»։

Ծրագիրը պատրաստ կլինի այս տարի։ Հաջորդ քայլով մշակելու են տվյալներն ու գործարկելու ավտոմատացված համակարգը։ Այգու խնամքին կմիանան նաև ռոբոտները։