×

Ամեն օր՝ ուղիղ եթերում, Անին աշխարհի լուրերը հաղորդում է արևմտահայերեն

09.09.2020

Ամեն օր՝ ուղիղ եթերում, Անին աշխարհի լուրերը հաղորդում է արևմտահայերեն։ Հանրային ռադիոյի մեկնաբանը Սիրիայից ամուսնու հետ Հայաստան տեղափոխվեց 2016-ին, ավելի շուտ, քան պլանավորում էր։

«Որոշել էինք՝ երբ ծերանանք, պիտի հաստատվենք Հայաստանում, բայց, մենք չծերացած, պատերազմը վրա հասավ, և ամեն ինչ ավելի արագ տեղի ունեցավ, շատ արագ եկանք, հաստատվեցինք»։

Որոշումն արագ են կայացրել։ Լաթաքիայում թողել են ամեն ինչ և ուղղություն վերցրել դեպի Հայաստան։ Սկզբում դժվար էր, որովհետև Հայաստան էին գալիս ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ՝ հայրենադարձ։

«Պետք է գործ գտնես, ամեն ինչ հայթայթես։ Առաջին քայլը թղթաբանական գործողություններն էին և գործ փնտրելը, ամենադժվարը, որն ինձ թվում էր՝ պետք է հեշտ լիներ, որովհետև այստեղ եմ սովորել։ Սկսեցի դուռ-դուռ թակել և միշտ մտածում էի, որ պետք է արևմտահայերենը հնչեր Հայաստանում»։

Արևմտահայերենն սկսեց հնչել, երբ թակեց Հանրային ռադիոյի դուռը։ Այստեղ նրան գրկաբաց ընդունեցին։ Անի Զեյթունցյանին վստահվեց խմբագրի ու լուրերի մեկնաբանի աշխատանքը։

«Ես արդեն երկուսուկես տարի է, որ այստեղ՝ այս շենքում, ամեն օր լուրեր եմ սփռում արևմտահայերեն»։

Անին մասնագիտությամբ լրագրող է, բանասեր և ուսուցիչ։ Սիրիայում էլ նույն գործով էր զբաղված։ Հայաստան գալով՝ նրա լսարանն ավելի մեծացավ։ Հիմա ամեն օր զանգեր է ստանում աշխարհի տարբեր անկյուններից։ Արևմտահայերեն խոսող լրագրողը սփյուռքի վստահելի աղբյուրն է Հայաստանում։

«Հիմա արդեն ես լսարան ունեմ սփյուռքում և այստեղ։ Նրանք զանգում, բառեր են հարցնում։ Նախ հարցնում են՝ լուրերն իրակա՞ն են, թե կեղծ։ Կորոնավիրուսի օրերին ամեն օր մարդիկ ուշիուշով հետևում էին, զանգում, օրինակ՝ Ամերիկայից զանգում էին ու հարցնում՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել»։

Անիին նկատում են նաև դրսում, երբ արևմտահայերեն է խոսում։ Լեզուն, հնչյուններն ու բառերը գրավում են լսողներին։

«Երբ խանութներում, Վերնիսաժում եմ լինում, ամեն մեկն իր կարծիքն է հայտնում։ Մեկն ասում է՝ գիտե՞ս, կարծես գրքում լինեմ։ Ի՜նչ մաքուր հայերենով եք խոսում, ի՜նչ անուշ է։ Շատ եմ շոյվում»։

Հայրենադարձ լրագրողի նպատակը հայրենիքում արևմտահայերենը տարածելն է։ Մայրենի լեզուն հայրենիքում հնչեցնելու համար բանասեր-լրագրողը պատրաստ է նաև ուսուցիչ աշխատել։