×

Քյոլնի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցի

11.01.2021

Հայ-գերմանական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Հայ մեծերից Լևոն Շանթը, Ավետիք Իսահակյանը, նկարիչներ Հակոբ Կոջոյանը, Վարդգես Սուրենյանցը և այլք սովորել են Գերմանիայի ուսումնական հաստատություններում, որտեղ շատ են հայագիտական կենտրոնները:

Հայերի հոսքը Գերմանիա հատկապես ակտիվացել է Հայոց ցեղասպանության և դրան հաջորդող  տարիներին՝ հասնելով մինչև 90-ականներ։ Հայերը Գերմանիայում կարողացել են իրենց փայլուն դրսևորել տարբեր բնագավառներում՝ հանդես գալով որպես գիտնական, շինարար, առևտրական և այլն։ Այսօր Գերմանիայում բնակվում է շուրջ 50-60 հազար հայ: Գործում են հայկական մեկօրյա դպրոցներ, լրատվամիջոցներ, հասարակական, բարեգործական կազմակերպություններ։ Գերմանիայում Հայ Առաքելական եկեղեցու թեմը հիմնվել է 1991 թվականին երկրի ամենահայաշատ քաղաք Քյոլնում, որտեղ գտնվում է նաև առաջնորդարանը: Նրա հովանու ներքո գործում է եկեղեցական 14 համայնք, որոնք սփռված են մեծ քաղաքներում:

Երկրում գործող մի քանի եկեղեցիներից մեկը Քյոլնում գտնվող Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցին է։ Գերմանիայում հայերի կառուցած եկեղեցական կառույց, որպես այդպիսին, գոյություն չունի, իսկ գործող  եկեղեցիները Հայոց թեմին են տրամադրվել երկարատև անվարձահատույց գործածության նպատակով։ Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու շենքում եղել է գերմանական բողոքական եկեղեցի, որը հանձնվել է Հայոց առաջնորդարանին, իսկ 1999 թվականի հունվարին Ամենայն Հայոց Գարեգին Ա կաթողիկոսը այն օծել է Սուրբ Սահակ-Մեսրոպ անվամբ։

Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի ներկայացուցիչները փորձել են ստեղծել հայկական եկեղեցու միջավայր՝ հետագայում այն նորոգելով, ներքին հարդարման աշխատանքներ կատարելով։