×

Աստրախանի Աղաբաբյան դպրոց

11.01.2021

Աստրախան քաղաքում հայերը սկսել են բնակվել դեռևս Ռուսաստանում թաթարական տիրապետության ժամանակաշրջանից։ 17-րդ դարից ի վեր տեղի հայերը հատկապես աչքի են ընկել որպես առևտրականներ՝ դարձնելով Աստրախանը հայ-ռուսական առևտրական կապերի կարևոր կենտրոն։ Արդեն 18-րդ դարում աստրախանահայերը ազգաբնակչության թվաքանակով 3-րդն էին ռուսներից ու թաթարներից հետո։ Այստեղ ստեղծվել է Հայոց ազգային դատարանը, կառուցվել են հայկական եկեղեցիներ, դպրոցներ։ Քաղաքում են կենտրոնացած եղել հայ մտավորականության ներկայացուցիչները, որոնք մեծ դեր են ունեցել ողջ երկրում գիտակրթական և լուսավորական գաղափարների տարածման գործում։

Աստրախանում կարևոր կրթօջախներից է Աղաբաբյան դպրոցը, որը բացվել է 1810 թվականին տեղի հայ վաճառական Նիկողայոս Աղաբաբյանի և եղբայրների միջոցներով։ Վաճառականը հայոց Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցուն կից դպրոցի համար կառուցել է փայտաշեն տուն՝ ուսուցիչների համար հատուկ սենյակներով։  Դպրոցի բակում էլ կառուցել է քարաշեն տուն` 12 գիշերօթիկ սաների համար: Հիմնելով Ռուսաստանում առաջին հայկական աշխարհիկ դպրոցը՝ հիմնադիրը նպատակ է ունեցել ստեղծել մի ուսումնական հաստատություն, որը կյանքի համար պիտանի գիտելիքներ, հմտություններ կտա աշակերտներին և կպատրաստի ծովագնացության ասպարեզում գիտուն և բանիմաց մասնագետների։ Արդեն 20-րդ դարի սկզբին դպրոցը վերափոխվել է գիմնազիայի, ապա կրկին դարձել սովորական դպրոց։  Տարբեր տարիներին ունեցել է 50-150 աշակերտ, որոնց մեծամասնությունը հայեր են եղել։ Իր գոյության ընթացքում դպրոցը եղել է տարբեր շենքերում, վաճառականների, բարերարների տներում։

Դպրոցի փակվելու մասին տվյալները տարբեր են։ Որոշ աղբյուրներ նշում են, որ այն դադարել է գործել 1922 թվականին, իսկ որոշները հաղորդում են 1940-50-ականների մասին։ Այժմ դպրոցի շենքում գործում է Աստրախանի 14-րդ միջնակարգ դպրոցը: