Մեծ Բրիտանիայի Հայոց թեմը կազմակերպել է բարեգործական համերգ՝ օգնելու արցախցիներին
13.01.2021
Մեծ Բրիտանիայի Հայոց թեմը հունվարին կազմակերպեց բարեգործական օնլայն համերգ՝ արցախցի երեխաներին օգնելու համար։ Համերգի և դրամահավաքի մասին «Հայերն Այսօրը» զրուցել է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հետ.
«Մեր թիմի անդամներից Անդրե Սիմոնյանը, որը մեր գեղարվեստական ղեկավարն է, կապվեց Հայաստանի երգիչների հետ, և կազմակերպեցինք մի վավերագրական համերգային ծրագիր։ Սրանից բացի՝ մեկ- երկու այլ ցուցադրություն էլ պետք է լինի, և դրանից հետո այս գումարը պետք է փոխանցենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծրագրին»,- ասաց Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։
Դրամահավաքի միջոցով Մայր Աթոռի սոցիալական հարցերով զբաղվող բաժինը կարողացավ ձմռանը արցախցիներին ապահովել առաջին անհրաժեշտության պարագաներով։ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը նշեց նաև, որ Մեծ Բրիտանիայում մշտապես Հայաստանի համար դրամահավաքներ են կազմակերպվում, հիմնականում աջակցում են Հայաստան Համահայկական հիմնադրամին և վերջին շրջանում նաև 1000+1 զինվորների ապահովագրության հիմնադրամին։
«Օնլայն դրամահավաքները և միջոցառումները լինելու ենք շարունակական. անկախ դեպքերի զարգացումից և մարդկանց տրամադրությունից՝ մենք պետք է լինենք մեր ժողովրդի կողքին»,- ասաց Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։
Հաջորդ օնլայն համերգը կրկին լինելու է Zoom տեսակապի միջոցով։ Գոյացած ամբողջ հասույթը տրամադրվելու է արցախցիներին։