×

Մարսելի Աբովյան վարժարան

11.01.2021

Հայերը Ֆրասնիայում սկսել են ապրել դեռևս վաղ միջնադարից։ Հիմնականում հաստատվել են  Փարիզ, Մարսել, Վերսալ, Լիոն, Նիցցա, Պուատիե, Լա Ռոշել, Բորդո, Սեն Շամոն, Վիեն, Վալանս քաղաքներում։ Ֆրանսահայ համայնքի ձևավորումից ի վեր ստեղծվել են բազմաթիվ դպրոց-վարժարաններ, հասարակական, բարեգործական և մշակութային կազմակերպություններ, որոնք վերածվել են հայապահպանության յուրահատուկ կենտրոնների։ Դրանցից մեկն էլ Մարսելի Աբովյան վարժարանն է։

Խաչատուր Աբովյան ասոցիացիան, որը նաև հայտնի է որպես Աբովյան Վարժարան, հիմնադրվել է 1989 թ.-ին` մի խումբ կամավորների շնորհիվ՝ Մարսելում գործող Հայկական Բարեգործական ընդհանուր միության և Սրբոց Թարգմանչաց հայկական տաճարի երկու արդեն գոյություն ունեցող դպրոցների միավորումով: Կամավորների նպատակը մեկն է՝ հավերժացնել հայկական ինքնությունը և մշակույթը իր բոլոր ձևերով:

Վարժարանի թիմն իրականացնում է անհրաժեշտ բոլոր միջոցները` խթանելու և կազմակերպելու տարբեր միջոցառումներ՝ գեղարվեստական ​, մշակութային,  կրթական, ինչպես նաև հանգստի ուղևորություններ:

Վարժարանում կարևորվում է թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների կրթության որակի բարձրացումը։ Ֆրանսիայի հասարակության մեջ լիարժեք ներգավվելու հարցում մեծ կարևորություն ունի ֆրանսերենին տիրապետելը, հետևաբար այստեղ կամավորների թիմը սովորեցնում է նաև ֆրանսերեն։

Վարժարանի ուսուցիչները սովորեցնում են ընթերցանություն, պոեզիա, հայկական ժողովրդական երգեր և պարեր, շախմատ, դաշնամուր, երգչախմբային երգ, նկարչություն։ Հայ առաքելական տաճարի հոգևոր քահանան ուսուցանում է կրոնական դաստիարակության հիմքերը:

Խաչատուր Աբովյանի դպրոցը առաքելական դպրոց է, որի նպատակն է ուսուցանել և՛ գիտելիք, և՛ հավատք։ Խաչատուր Աբովյան վարժարանը գտնվում է Մարսելի սրտում։