ՀՀ-ում և Արցախում ԱԹՍ-ների նախագծման և կիրառման լաբորատորիաներ կստեղծվեն. պատմում է հայրենադարձ Րաֆֆի Քասսարջյանը
28.01.2021
Հայրենադարձ Րաֆֆի Քասսարջյանը 12 տարի է Հայաստանում է ապրում։ 2008-ին որոշեց կնոջ և երկու երեխաների հետ վերադառնալ Սան Ֆրանցիսկոյից և այստեղ շարունակել իր կարիերան։
«Մինչև գալս ես զգալի փորձ ունեի Ամերիկայում՝ ՏՏ ոլորտում և հենց Սիլիկոնյան հովտում, աշխատել էի տարբեր ճանաչված ընկերություններում, բավականին հաստատված էի և գիտեի՝ ինչ եմ ուզում անել», - «Հայերն այսօր»-ին պատմել է Րաֆֆին։
Րաֆֆին ղեկավարում է Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այն նախաձեռնել է «Արմաթ» լաբորատորիաների ծրագիրը, ինժեներական լաբորատորիաներ ներդրել Հայաստանի և Արցախի մոտ 600 դպրոցներում:
«Մեր հիմնական նպատակը և առաքելությունն այն է, որ զարգացնենք առաջատար տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում, որ այն կարողանա մեծ դեր խաղալ՝ ոչ միայն տնտեսական աճի առումով, այլ նաև նոր հնարավորություններ տա ներկա և ապագա սերունդներին», - ասաց նա։
2016 թվականի Ապրիլյան և 2020-ի 44-օրյա պատերազմներից հետո միությունը որոշել է անօդաչու թռչող սարքեր արտադրել և Հայաստանում զարգացնել ռազմարդյունաբերությունը:
«Մենք հայտարարեցինք «Արմաթ օդում» ծրագիրը, որը կներկայացնի նոր ծրագիր՝ 15-18 տարեկան աշակերտներին սովորեցնելու անօդաչու սարքերի տարբեր հմտություններ», - ասաց Քասսարջյանը։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը մինչև 2022 թվականը Հայաստանում և Արցախում 65 լաբորատորիա կստեղծի: Կսովորեցնեն՝ ինչպե՞ս են նախագծում, հավաքում և կառավարում անօդաչու թռչող սարքերը: Մոտ 10 լաբորատորիայի համար ֆինանսավորումն արդեն ապահովել են մասնավոր աղբյուրներից, ակնկալում են նաև պետության աջակցությունը: