ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը պահանջել է վերատպել պատմության դասագիրքը
17.02.2021
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը դիմումներ է ուղարկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և կրթության նախարարություն՝ պատմության դասագրքերից մեկում հայտնաբերված սխալի կապակցությամբ։ Ինչպես հաղորդում է «Ազդակ» օրաթերթը, դեսպանությունը պահանջում է փոփոխություններ կատարել 9-րդ դասարանի «Ռուսաստանի պատմություն. XIX - XX դարի սկիզբ» դասագրքի՝ Թուրքմենչայի համաձայնագրի վերաբերյալ հատվածում։ Լյաշչենկոյի, Վոլոբուևի և Սիմոնովայի հեղինակած դասագիրքը, որում գտած սխալը դեսպանությունը որակել է որպես «լուրջ աղավաղում», տպագրվել է 2020 թվականին։ Դասագրքում, մասնավորապես, նշվում է, որ համաձայն պայմանագրի՝ Արևելյան Հայաստանը մտել է Ռուսաստանի կազմի մեջ: Նույն թվականին լույս տեսած 9-րդ դասարանի մեկ այլ դասագրքում նշվում է, որ Արևելյան Հայաստանի մաս կազմող Երևանի և Նախիջևանի խանություններն անցել են Ռուսաստանի վերահսկողության տակ:
Դեսպանությունը պահանջում է վերատպել դասագիրքը և նշել, որ Արևելյան Հայաստանը աշխարհագրական անուն է:
Սա Ադրբեջանի կողմից պատմությունը խեղաթյուրելու հերթական փորձն է, որում իր մեծ դերն ունի նաև Ռուսաստանում այդ երկրի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։
Աղբյուր՝ aztagdaily.com