2020 թվականին Թուրքիայում ապրող հայերի թիվը նվազել է 30 տոկոս
18.02.2021
Թուրքիայի վիճակագրության կազմակերպությունը հրապարակել է 2020 թվականի բնակչության վերաբերյալ տվյալներ։ Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը, ի տարբերություն նախորդ տարվա, 2020-ին նվազել է 197 հազար 770-ով (13%)՝ կազմելով 1 միլիոն 333 հազար 410։
Թուրքիայում ապրող Հայաստանի քաղաքացիներին թիվը 2020 թվականի ընթացքում ևս նվազել է. 1760-ից դարձել է 1257։
Ինչպես նախկինում, 2020 թվականին ևս Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների մեծամասնությունը իրաքցիներ են՝ 281 հազար 74։ Հաջորդում են Աֆղանստանի քաղաքացիները՝ 158 հազար 252։ Երրորդ տեղում Գերմանիայի քաղաքացիներն են՝ 92 հազար 284։ Թուրքիայում զգալի թիվ են կազմում նաև Թուրքմենստանի, Սիրիայի, Իրանի և Ադրբեջանի քաղաքացիները։
2020-ին Թուրքիայում ամենից շատ բնակություն են հաստատել Աֆղանստանի քաղաքացիները։ Աճել է նաև Գերմանիայի, Ավստրալիայի, Բուլղարիայի, Անգլիայի, Հունաստանի, Դանիայի, Ռուսաստանի, Կանադայի, Շվեյցարիայի, Քուվեյթի և Սոմալիի քաղաքացիների թիվը։ Թուրքիայում նվազել է ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Մոլդովայի, Շվեդիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Բելգիայի, Ռումինիայի, Սիրիայի, Իրաքի և Իրանի քաղաքացիների թիվը։
Հատկանշական է նաև Կատարի քաղաքացիների թվի աճի ցուցանիշը։ Հակառակ թուրք - կատարական հարաբերությունների զարգացմանը, թիվը մեծ չէ, ընդամենը՝ 711։ Նախորդ տարի տվյալ երկրի քաղաքացիների թիվը 676 էր։ Կտրուկ նվազել է Կուբայի քաղաքացիների թիվը՝ 528-ից դարձել 261։
Աղբյուր՝ aztagdaily.com