Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանը քննարկել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը
04.03.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Վարչապետը հույս է հայտնել, որ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի ոչ միայն «Լուսավոր Հայաստան»-ի, այլ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերների հետ.
«Եթե խորհրդարանական ուժերն ի վերջո կայացնեն արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում, այդ թվում՝ դրա շուրջ մեկ, երկու կարևոր հարցի վերաբերյալ, նկատի ունեմ ժամկետներ և այլն, ապա կարող ենք համարել, որ հարցը լուծված է։ Ի սկզբանե մեր պատկերացումը հենց այդպես էլ եղել է, որ պետք է ի վերջո քաղաքական այս շրջափուլն ավարտվի ժողովրդի կամարտահայտմամբ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ արտահերթ ընտրությունների առաջարկությունն արել է, նախևառաջ, ելնելով ստեղծված քաղաքական ճգնաժամից, ինչին, ըստ նրա, գումարվել է նաև Գլխավոր շտաբի պատմությունը.
«Ես առաջարկել էի, որ մենք բանակ-կառավարություն հակադրությունը կանգնեցնենք և գնանք ընտրությունների, որովհետև ակնհայտ է, որ նախընտրական պրոցեսի վերաբերյալ ցանկացած համաձայնություն չենք կարող ունենալ, քանի դեռ բանակի խնդիրը չի հանգուցալուծվել», - ընդգծեց Մարուքյանը։
Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի համարեց Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ կապված խնդիրն արտահերթ ընտրությունների հետ կապելը՝ ընդգծելով ԶՈՒ ապաքաղաքական լինելու Սահմանադրական նորմը:
Ընդդիմադիր ուժի ղեկավարը վարչապետին առաջարկեց խնդիրը միասին լուծել և գնալ ընտրությունների: Մարուքյանը նշեց, որ ընտրությունների հետ կապված որևէ խոչընդոտ չունեն։ Հանդիպման վերջում վարչապետը և Էդմոն Մարուքյանը պայմանավորվեցին շարունակել բանակցությունները։
Վարչապետը նաև կհանդիպի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարին, ինչպես նաև քննարկումներ կունենա իշխող խմբակցության ղեկավարի հետ։ Իրավիճակը, հնարավոր է, ներկայացվի նաև ՀՀ նախագահին՝ նրան դարձնելով գործընթացի երաշխավորը։