×

Մոսկվայի Լազարյան ճեմարան

26.03.2021

«Կարելի է համարձակ կերպով ասել. չլինեին Լազարյանները և Ներսես Աշտարակեցին, ռուսահայերը դեռ շատ երկար թաղված կմնային ասիական խավարի մեջ։ Նրանց դպրոցներն էին մեզ կյանքի հրավիրողները։ Այդ դպրոցներից էր, որ հայի խավար հորիզոնի վրա բացվեց գարնանային առավոտը։ Դրանք երկվորյակներ էին, միատեսակ էին մտածում ու գործում։ Երկուսի դավանանքը միևնույնն էր, երկուսն էլ միևնույն ճանապարհով էին ընթանում»։ Հայ պատմաբան, հրապարակախոս, պրոֆեսոր Լեոյի խոսքերն են Մոսկվայի մեծահարուստ Լազարյանների մասին։ 

Ուշ միջնադարում հայկական ազնվական շատ տոհմեր կային Ռուսաստանում։ Նրանք ստացել էին ազնվական տիտղոսներ: Մեծահարուստ Լազարյանները հենց այդ տոհմերից մեկն էին, զբաղվում էին մետաքսի արդյունահանմամբ ու հանքարդյունաբերությամբ։ Նրանց միջոցներով 1815  թվականին հիմնադրվեց հայագիտական և արևելագիտական հազվագյուտ գիտաուսումնական խոշորագույն կենտրոններից մեկը։ Այստեղ ուսանում էին հայեր, ռուսներ, վրացիներ և այլ ազգերի ներկայացուցիչներ առանց ազգային ու դավանանքի խտրականության։ Հիմնադրման առաջին շրջանում ճեմարանը եղել է տարրական տիպի մասնավոր դպրոց և կոչվել է Հայկական Լազարյան (Ղազարյան) ուսումնարան։ Հանրակրթական առարկաներին զուգահեռ ուսանողները սովորում էին հայերեն, լատիներեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, թուրքերեն, պարսկերեն: Ճեմարանն ունեցել է գերնպատակ՝ պատրաստել ուսուցիչներ հայկական դպրոցների համար։ Ըստ այդմ, հայագիտությունը եղել է գլխավոր ուղղություն և հիմնական առարկաները դասավանդվել են հայերեն: Այստեղ ոչ միայն գերազանցում էին հայերեն դասաժամերը, այլև դասախոսական կազմը, տնօրինությունն ու ուսանողությունը հիմնականում հայեր էին։ Ճեմարանի շրջանավարտները երկու տեսակ քննություն էին հանձնում՝ մասնագիտական և ընդհանրական։ Վերջինը հանրային էր, այսինքն՝ այլ մարդիկ կարող էին ունկնդրել։  

1848-ից ճեմարանը  ստացել է արևելագիտական ուղղություն՝ պատրաստելով ուսուցիչներ, արևելագետներ, դիվանագետներ: Ունեցել է նաև նախապատրաստական բաժին: 1841 թվականին ճեմարանին կից բացվել է հոգևոր բաժին, որտեղ պատրաստում էին հայ եկեղեցու սպասավորներ։

1858 թվականից Լազարյան ճեմարանի ուսանողները նախաձեռնել են սիրողական թատրոնի բացումը, իսկ ներկայացումներին մասնակցել է անձամբ Կոնստանտին Ստանիսլավսկին, որը ևս ճեմարանի սան է եղել: Լազարյանները մեծ ներդրում են ունեցել նաև ռուսական թատրոնի զարգացման գործում: 1872 թվականին ճեմարանում բացվել է արևելյան լեզուների բաժինը՝ որպես բարձրագույն համալսարանական կրթություն։ Թեպետ ճեմարանն արդեն ուներ բուհի կարգավիճակ, այն նախկինի պես կոչվում էր Լազարյան ճեմարան: 

Այստեղ սովորել են հայ մեծերից Մկրտիչ Էմինը, Գրիգոր Խալաթյանը, Կարապետ և Հովսեփ Լուսիկյանները, Կարո Մելիք-Օհանջանյանը, Ցոլակ Խանզադյանը, Պողոս Մակինցյանը, Ռաֆայել Պատկանյանը, Վահան Տերյանը, Սմբատ Շահազիզը, Վարդգես Սուրենյանցը, Եղիշե Թադևոսյանը, ռուսներից՝ Իվան Տուրգենևը, Լև Տոլստոյը, Յուրի Վեսելովսկին, Կոնստանտին Ստանիսլավսկին, Միխայիլ Գլինկան, Ռուբեն Սիմոնովը: Ճեմարանում դասավանդել են Միքայել Նալբանդյանը, Սմբատ Շահազիզը, Հարություն Ալամդարյանը և այլք։

Ճեմարանն ունեցել է իր տպարանը, որտեղ լույս են տեսել հարյուրավոր ուսումնական ձեռնարկներ, գրքեր, հետազոտություններ 13 լեզուներով, իսկ  գրադարանում եղել է ավելի քան 40 հազար գիրք: Այն հետագայում տեղափոխվել է Երևան և այժմ գտնվում է Ազգային գրադարանում: 

1921 թվականին Լազարյան ճեմարանը վերակազմավորվել է որպես Մոսկվայի արևելագիտության ինստիտուտ իսկ շենքում, որն իր ունեցվածքով հանձնվել է Հայաստանին,  սկսել է գործել Հայաստանի մշակույթի տունը։ 

Այժմ ճեմարանի շենքում տեղակայված է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը: