×

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն պատրաստ են գնալ Ղարաբաղ

14.04.2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ, որում նշված է. «Անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել՝ լուծելու մնացած խնդրահարույց հարցերը և ստեղծելու փոխվստահության մթնոլորտ, որը կտանի հարատև խաղաղության։

Խնդրահարույց հարցերի թվում են՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան, տեղեկատվության փոխանակումը, որն անհրաժեշտ է հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման համար, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացումը, այդ թվում՝ միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար և կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումն ու պաշտպանությունը, ինչպես նաև հակամարտության արդյունքում տուժած համայնքների միջև ուղիղ շփումների խթանումը»: 

Համանախագահները նաև շեշտել են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձվի վերջնական կայուն փուլի հասնելուն, որի կաևորության մասին քաջատեղյակ են երկու կողմերն էլ: ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները նաև վերահաստատել են նախկինում հնչեցրած առաջարկը՝ իրենց հովանու ներքո կազմակերպելու երկկողմ խորհրդակցություններ, որպեսզի կողմերը վերանայեն իրենց քայլերը և համաձայնության գան՝ առանց նախապայմանների:

Համանախագահները նշել են, որ պատրաստ են վերսկսել իրենց տարածաշրջանային այցերը դեպի Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ՝ գնահատման և միջնորդական իրենց գործունեությունն իրականացնելու համար, սակայն հակամարտության կողմերը պետք է ապահովեն վերջիններիս անարգել մուտքն ու երթուղիների առավելագույն ճկունությունը։

Համանախագահները նաև իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական գործունեությանն ու հնարավոր ընդլայնմանը, նրանք կողմերին կոչ են արել աջակցել նրա ջանքերին: