Պատերազմի հետևանքով գույք կորցրածները ֆինանսական աջակցություն կստանան
22.04.2021
Հայաստանը 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի լրացուցիչ 10 միլիարդ դրամ կհատկացվի Արցախի Հանրապետությանը՝ պատերազմի հետևանքով գույքային վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու համար։
«Վնասի փոխհատուցում կհատկացվի այն քաղաքացիներին և իրավաբանական անձանց, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են հասարակական և արտադրական նշանակության շենք, շինություն, մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, գյուղատնտեսական, շինարարական և այլ տեխնիկա, ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործվող հիմնական միջոցներ, կաթնատու և մսատու կենդանիներ, պտղատու և խաղողի այգիներ։ Համաձայն որոշման՝ մինչև 5 միլիոն դրամի աջակցությունը տրամադրելու է միանվագ տեսքով, 5 միլիոնից ավելին` մուրհակի տեսքով, որը հնարավորություն է տալու գործարար ծրագրեր իրականացնել Արցախում, և միևնույն ժամանակ եկամտաբերություն է պաահովելու տարեկան 10 տոկոս», - ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Նախարարը նշեց, որ մեկ այլ ծրագրով ամբողջությամբ կփոխհատուցվի պատերազմի հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում նախկինում բնակվող քաղաքացիների, ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները, իսկ իրավաբանական անձանց մինչև 50 տոկոս փոխհատուցում կտրամադրվի։
Նախատեսվում է նաև մասնակի կամ ամբողջական փոխհատուցել առաջիկա 3 տարիներին Արցախում մշտապես բնակվող քաղաքացիների, ֆիզիկական անձանց հիփոթեքային, գյուղատնտեսական, փոքր ձեռնարկատաիրական գործունեության վարկերը։
«Այս ծրագրերով պատերազմի հետևանքով քաղաքացիների և իրավաբանական անձանց կրած գույքային վնասների ամբողջական փոխհատուցման կարգավորումներն ապահովում ենք։ Առաջիկայում Արցախի կառավարության հետ կսկսվի գործընթացը», - ասաց նախարարը։
Ներկայումս գյուղական համայնքներում կիսակառույց լքված տների շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Դրա շնորհիվ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից մինչև 300 ընտանիք արդեն վերադարձել է Արցախ և նոր տներում բնակություն է հաստատել։
Հաջորդ նախագծով նախատեսվում է ՀՀ պահուստային ֆոնդից Արցախին տրամադրել 4 միլիարդ 67 միլիոն դրամի դրամաշնորհ՝ երկու ծրագիր իրականացնելու համար։ Ծրագրով կսուբսիդավորվի Արցախի քաղաքացիների կոմունալ վճարների, էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների 2020 թվականի դեկտեմբեր, հունվար ամիսների ծախսերը։
Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ 2021-ից Արցախում նաև իրականացվում է աշխատանքի խրախուսման ծրագիր, որի շրջանակում հունվարին և փետրվարին 420 միլիոն դրամի դրամաշնորհ է հատկացվել։ Արդյունքում 600 նոր աշխատատեղ է ստեղծվել։ Նախարարը սա մեծ ձեռքբերում համարեց հետապատերազմական վիճակում: