×

ԵՄ-ն Ադրբեջանին հորդորել է վերադարձնել բոլոր ռազմագերիներին և կալանավորվածներին

29.04.2021

Եվրամիությունը ապրիլի 28-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին: Հայտարարության մեջ ասվում է.

«Եվրամիությունը ողջունում է հրադադարի ռեժիմի ամրապնդումը տեղում՝ կողմերի միջև 2020 թ. նոյեմբերի 9-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագրից հետո, և որոշ դրական արդյունքները, որոնք ձեռք են բերվել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են աճյունների վերադարձը, խիստ տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելը: Եվրամիությունը, այնուամենայնիվ, կրկնում է, որ նոր ջանքեր են անհրաժեշտ երկու երկրների միջև վստահություն հաստատելու և կայուն խաղաղության ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար: Սա ներառում է՝ զերծ մնալ թշնամական և վիրավորական հռետորաբանությունից, հնարավորինս շուտ ավարտել բոլոր մնացած ռազմագերիների և կալանավորվածների վերադարձը՝ անկախ նրանց ձերբակալման հանգամանքներից, և համագործակցել նաև ականազերծման այլ կարևոր հարցերի շուրջ»:

Հայտարարության մեջ նաև նշվել է, որ  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նախարարների կոմիտեին վերջերս կատարված ծանուցումից հետո Դատարանի նախադեպային իրավունքը հստակորեն հաստատել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են կատարել ժամանակավոր միջոցները, և ԵՄ-ն ևս մեկ անգամ կոչ է արել Ադրբեջանին տրամադրել դատարանի կողմից պահանջվող տեղեկատվությունը:

Աղբյուր՝ panorama.am