×

Արցախում կանցկացվի «Sunrise Stepanakert» առաջին մուլտիմեդիա արվեստի փառատոնը

07.06.2021

Հունիսի 26-27-ը տեղի կունենա «Sunrise Stepanakert» առաջին մուլտիմեդիա արվեստի փառատոնը, որը ներառում է լուսանկարչության և թվային արվեստի ցուցադրություն, երաժշտական համերգներ, կինոդիտումներ և ստեղծագործական վարպետության դասեր:

Փառատոնի կազմակերպիչները հավատում են, որ մշակույթը վերականգնման և բուժման կարևորագույն գործիք է: Նրանք նպատակ ունեն արվեստի խթանման միջոցով վերակենդանացնել Ստեփանակերտը վերջին կործանարար ամիսներից հետո՝ ընդգծելով քաղաքը և հողը փայփայելու կարևորությունը: Փառատոնի նպատակն է ցուցադրել տեղի արվեստը և առանձնացնել ստեղծագործական արձագանքները արցախյան վերջին պատերազմին:

«Հայերն Այսօրի» հետ զրույցում փառատոնի մասին մանրամասները ներկայացրեց Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության փորձագետ, «Ի գործ» ծրագրի մասնակից Շուշան Քեշիշյանը: Նրա խոսքով՝ փառատոնը կազմակերպվում է Artsakh Art նախաձեռնության շրջանակում: Ցուցահանդեսը տեղի կունենա «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնում: Ներկայացվելու են մի շարք ժամանակակից անվանի նկարիչների թվային արվեստի և լուսանկարչության գործեր.

«Փառատոնը եզակի և նոր է իր տեսակով, մի քանի շաբաթների ընթացքում տեղի են ունենալու երեք կինոդիտումներ, որոնց ընթացքում կներկայացվեն տաղանդավոր ռեժիսորներ Սիլվա Խնկանոսյանի, Էմիլի Մկրտիչյանի և Մարիամ Ավետիսյանի ֆիլմերը: Փառատոնի շրջանակներում տեղի կունենան «Արցախի Ձայներ» խմբի, «Տիեզերք Բենդի», «Քինգզ Բենդի» և «Արցախիկների» կատարմամբ համերգները։ Կանցկացվեն ստեղծագործական վարպետության դասեր, որոնք մատուցվելու են տարբեր ոլորտների մասնագետների կողմից, որոնց շարքում են Պետո Պողոսյանը, Սոնյա Ավագյանը, Սեդա Գրիգոյանը, Ռուբինա Մարկոսեանը, կլինեն ներկայացուցիչներ Միհր թատրոնից», - նշեց Շուշան Քեշիշյանը՝ հավելելով, որ նախաձեռնությունն ունի հետաքրքիր նախապատմություն. դեռ պատերազմից առաջ ինքը հետևել է հայ արվեստագետների աշխատանքներին, իսկ պատերազմից հետո հասկացել է, որ մշակութային կյանքը Արցախում վերականգնելու շնորհիվ կարող են պահպանել և շարունակել զարգացնել հայկական արվեստը: Արդյունքում իր թիմի հետ որոշեցին համախմբել և ստեղծել օնլայն ցուցահանդես: Պատերազմից հետո կազմակերպեցին «Նշույլներ» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառք, որը ցուցադրեց հայաստանցի և սփյուռքահայ 15 նկարիչների 32 թվային պատկերներ: «Նշույլներ» ցուցահանդեսը տեղի ունեցավ 2020 թ. դեկտեմբերի 4-ից 14-ը՝ Զանգակ գրախանութում: 400 հազար դրամ հանգանակվեց «Թափանցիկ Բարեգործություն» ՀԿ-ին, որը Արցախից տեղահանված անձանց օգնում է սննդի, հիգիենայի, հագուստի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաներով:

«Ի գործ» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի կոմիտեի փորձագետ Լիլիթ Տեր-Հակոբյանը ևս մեծ սիրով միացել է ցուցահանդեսի կասմակերպման աշխատանքներին: Առաջին անգամ գնացել է Արցախ և հասկացել, որ կյանքն այստեղ վերսկսելու կարիք կա.

«Ցուցահանդեսի միտքը միանգամից վերածվեց մեծ փառատոնի: Գաղափարը այն էր, որ լավ իմաստով ցնցենք Արցախն ու Ստեփանակերտը: Հիմա կարիք կա մշակութային միջոցառումներին նոր զարկ տալ և շարունակել կյանքը, մարդկանց մեջից հանել վախը: Խոսել ներկա օրերի պատմության մասին, պատերազմի հերոսական դրվագները ներկայացնել արվեստի միջոցով, դա է պատճառը, որ փառատոնի խորագիրը դրեցինք «Արվեստը որպես հարատևում», - ասաց Լիլիթը:

Միջոցառման նպատակն է համախմբել հայությանը, մասնավորապես կենտրոնանալ Արցախում գտնվող արվեստագետների աշխատանքների վրա և ճիշտ կերպով լուսաբանել նրանց աշխատանքները:

Կազմակերպիչների խոսքով՝ նպատակ ունեն փառատոնը ամենամյա դարձնել և ընդգրկել Հայաստանի ու Արցախի այլ տարածքներ նույնպես: 

Շուշան Քեշիշյանի խոսքով՝ անունն էլ հատուկ են ընտրել՝ Sunrise, քանի որ մայրամուտին հաջորդում է լուսաբացը: Մարդկանց նոր հույս և ուժ է անհրաժեշտ՝ արվեստի միջոցով ոտքի կանգնելու, շարունակելու ստեղծագործել և արարել:

Միջոցառումը տեղի է ունենում «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության աջակցությամբ:  Փառատոնի պաշտոնական փակ բացումը տեղի կունենա հունիսի 25-ին, հրավիրվածների շարքում են պետական պաշտոնյաներ: Ներկա է լինելու նկարիչ Պետո Պողոսյան, որը տեղում նկարելու է կտավ և այն դրվելու է աճուրդի: Ստացված գումարը հատկացվելու է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի նորոգմանը:

Բացումը կլինի հունիսի 26-ին, ժամը 19.00-ին՝ Forest Hub-ում, և փառատոնի մուտքն ու մասնակցությունը ազատ է: Ուղևորափոխադրումը ևս կարգավորված է, նախատեսվել են հատուկ տրանսպորտային միջոցներ՝ մասնակիցների տեղափոխման համար: Մասնակցության և մանրամասներին ծանոթանալու համար պետք է այցելել sunrisestepanakert.com կայք և նախապես գրանցվել: