×

Սփյուռքահայ սրտաբանը իսպանացի մի խումբ բժիշկների հետ վիրահատություններ կիրականացնի Արցախում

22.06.2021

Սփյուռքահայ սրտաբան Լիլիան Գրիգորյանը մեկնել է Արցախ մի խումբ իսպանացի բժիշկների հետ։ Նրանք մեկ շաբաթում 25-30 վիրահատություն կիրականացնեն Ստեփանակերտի հիվանդանոցում։ 

Լիլիան Գրիգորյանը Մադրիդի «Գրիգորիո Մարանիոն» հիվանդանոցի ինտերվենցիոն սրտաբանական բաժանմունքի սրտաբան է և բժշկական գիտությունների դոկտոր, նա նաև ղեկավարում է «AMADEA» («Հայաստանի բարեկամների բժշկական ասոցիացիա») բարեգործական կազմակերպությունը։ 

«Մեզ հետ տրավմատոլոգ-օրթոպեդներ են, մանկաբույժներ, անասթեզիոլոգներ։ Ինչո՞ւ Արցախ և ինչո՞ւ պատերազմից հետո, որովհետև մենք գիտենք, որ այնտեղ հիմա մասնագետների մեծ անհրաժեշտություն կա և մեր կազմակերպությունում ներգրավված մասնագետներն աշխատում են տարբեր բնագավառներում և այս ասիստենցիալ մասով էլ փորձելու ենք հնարավորինս օգտակար լինել և օգնել»,- ասել է Լիլիան Գրիգորյանը։
 

Իսպանացի բժիշկներն իրենց հետ Արցախ են տարել նաև պրոթեզներ, տրավմոտոլոգիական վիրահատությունների էնդոպրոթեզներ, ընդհանուր վիրահատությունների համար անհրաժեշտ տարբեր սարքավորումներ,ռեաբիլիտացիոն սարքեր և տարբեր պրեպարատներ։

«Հայաստանի բարեկամների բժշկական ասոցիացիա» բարեգործական կազմակերպությունը ստեղծվել է  44-օրյա պատերազմից հետո և այս ամիսների ընթացքում Հայաստանի ու Արցախի համար իրականացրել է տարբեր կրթական ծրագրեր։

«Մենք համախմբվեցինք և ստեղծեցինք այդ կազմակերպությունը, որովետև մինչ պատերազմը հայ համայնքը, այնքան էլ մեծ չլինելով Իսպանիայում, չուներ որևէ կազմակերպված հարթակ, ձևաչափ։ Մեր դերը նաև այն է, որ պատմենք մեր իսպանացի ընկերներին ու կոլեգաներին իրադրության և այն իրականության մասին, որ Հայաստանում և Արցախում է։ Եվ մեր ընկերները, իսպանացիներն առհասարակ, շատ սոլիդար ժողովուրդ են, պատրաստակամություն են հայտնել այդպիսի աջակցություն ցուցաբերելու։ Եվ մեր կազմակերպությունը հենց դրանով էլ զբաղվում է, որ կոորդինացնում և կոորդինացնելու է այդ աշխատանքներն Իսպանիայում»,- ասաց սրտաբանը։

Լիլիան Գրիգորյանի խոսքով՝ բժշկական այս խմբով իրենց առաջին այցն է Հայաստան ու Արցախ, բայց սա միայն սկիզբն է, իրենց աշխատանքը Արցախում շարունակելու են։