×

«Անընդունելի է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի տարածք». ԱՄՆ սենատորը բարձրացրել է 907-րդ ուղղումը վերականգնելու հարցը

21.07.2021

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քերըն Դոնֆրայդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ իր մտահոգությունն է բարձրացրել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ: 

«Ադրբեջանն այժմ սահմանային վեճի արդյունքում ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք, և ես կարծում եմ՝ նրանք կշարունակեն իրենց ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել այն մասին, որ դա անընդունելի է»,- նշել է Մենենդեսը:

Ի պատասխան այս նկատառմանը՝ Դոնֆրայդը հայտարարել է, որ, եթե այդ տեղեկությունը հաստատվի, ինքն այդ հարցով սերտորեն կհամագործակցի Մենենդեսի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ:

«Խիստ անհրաժեշտ է վստահ լինել, որ ցանկացած աջակցություն, որ մենք տրամադրում ենք Ադրբեջանին, որևէ կերպ չի խաթարում ուժերի հավասարակշռությունը, և որ մենք հանձնառու ենք Լեռնային Ղարաբաղի [խնդրի] կարգավորմանը»,- ասել է Դոնֆրայդը:

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը սահմանափակում է ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը՝ նախատեսելով միայն մարդասիրական աջակցություն: Այն ենթադրում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի կառավարությանը չպետք է աջակցություն տրամադրի, քանի դեռ այդ երկիրը քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Արցախի դեմ շրջափակումներն ու ուժի կիրառման տարբերակները վերացնելու ուղղությամբ:

Աղբյուրը՝ Արմենպրես