Դիջիթեյնի «M1TQ» ծրագրում հաղթել է սփյուռքահայերի պրոթեզների մասին ստարտափը
21.07.2021
Եթե դաստակդ շարժես, մեխանիկական ձեռքն էլ կշարժվի։ Գաղափարը «Armbionics» ստարտափինն է։ Այն հաղթել է «Դիջիթեյն» ընկերության կազմակերպած «M1TQ» ծրագրում։ Ֆրանսիայից Հայաստան վերադարձած Մանվել Գրիգորյանն ասում է՝ պրոթեզների մեծ պահանջարկից ելնելով են ստեղծել ստարտափը.
«Շատ պարզ է. աշխատում է պարզապես հոդերի շարժման շնորհիվ, օրինակ՝ այս դեպքում, դա այն մարդկանց համար է, ովքեր ունեն դաստակի մեկ հատված, որը շարժուն է, և ընդամենը շարժելով դաստակը՝ մարդուն հնարավորություն է տալիս փակել մատները», - ասաց Մանվել Գրիգորյանը։
Թիմի անդամներից Մարինա Դավթյանը հաղթանակի ամենակարևոր գործոններից է համարում գաղափարը և սփյուռքահայերի ներգրավվածությունը թիմում։ Գաղափարի վրա 2017 թվականից են աշխատում։ Մոտ 300 հազար դոլար պետք է հավաքեն, որ ստարտափի հետագա աշխատանքն ապահովեն։
«Մեր նպատակն է հաղթահարել հաշմանդամությունը և ներկայացնում ենք ռեաբիլիտացիոն ծրագրեր, ունենք մի քանի բաղադրիչ՝ ֆիզիկական ռեաբիլիտացիա և հոգեսոցիալական։ Մինչև այս ստեղծել ենք մի քանի պրոդուկտներ, որոնց թվում են միոէլեկտրիկ ձեռքը, որը կառավարվում է մկաններից ստացված էլեկտրական ազդակների միջոցով, մեխանիկական ձեռքը, որը կառավարվում է դաստակի և արմնկային հոդի միջոցով և մասնակի ձեռքի պրոթեզը, որը նախատեսված է այն անձանց համար, որոնք կորցրել են մեկ կամ մի քանի մատներ», - ասաց Մարինա Դավթյանը։
Տասներկուշաբաթյա ձեռնարկատիրական ծրագիրը նախատեսված էր սկսնակ ստարտափների համար։ Դիմել էին 35-ից ավելի ստարտափներ։ Հաղթողին կտրամադրվի 10 հազար դոլար դրամաշնորհ, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած ստարտափները կստանան 2000 դոլար դրամաշնորհ։
«Մենք որոշեցինք աջակցել ստարտափների և ստեղծվեց «Միտք» ինկուբացիոն ծրագիրը։ 12-շաբաթյա ծրագրի ընթացքում ստարտափներն անցան տարատեսակ դասընթացներ, որոնք հիմնված էին նրանց կարիքների գնահատման վրա, այսինքն՝ ինչպե՞ս նվաճել շուկան ու, ի վերջո, աշխարհը, ինչպե՞ս զարգացնել պրոդուկտը և հասնել նպատակին», - ասաց «Դիջիթեյն» ընկերության մարքեթինգային ծրագրերի ղեկավար Մանանա Հովակիմյանը։
Դիջիթեյն ընկերությունը հիմա աշխատում է սիլիկոնյան հովտի գործընկերների հետ, որոնք առաջիկայում կաջակցեն և խորհրդատվություն կտրամադրեն ծրագրին մասնակցած ստարտափներին։