×

«Թուրքիայում ազգային փոքրամասնությունների ձայնն այսօր լսելի չէ». «Ակօս» թերթի խմբագիրը խոսել է հայկական կառույցների վրա հարձակումների մասին

23.07.2021

«Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանն անդրադարձել է Թուրքիայում հայկական եկեղեցուն առնչվող դեպքին և հայկական կառույցների վրա հարձակումներին՝ ընդգծելով, որ ազգայնամոլ և կրոնամոլ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների ձայնն այսօր լսելի չէ։

Հուլիսի 11-ին Թուրքիայում 3 հոգի բարձրացել էր Ստամբուլի Քադըգյուղ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա և, բարձր երաժշտոթյուն միացնելով, սկսել պարել խաչի շուրջը։ Միջադեպի տեսանյութը հայտնվել էր համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։

Այս քննադատությունների և արձագանքների ֆոնին Ստամբուլի նահանգապետարանը հայտնել է, որ դեպքի առնչությամբ գլխավոր դատախազության կողմից հետաքննություն է սկսվել, և հայկական եկեղեցու նկատմամբ անարգալից վերաբերմունք դրսևորած այդ 3 քաղաքացիները ձերբակալվել են:

Սակայն ձերբակալությունից շատ չանցած հայտնի դարձավ, որ ոստիկանությունում հիշյալ քաղաքացիներից խոստովանական ցուցմունքներ վերցնելուց հետո ազատ են արձակել: Նրանցից երկուսի նկատմամբ սահմանվել է տնային կալանք:

Թուրքիայի «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը նկատում է, որ, եթե նման վարքագիծ ցուցաբերվեր մզկիթների նկատմամբ, պատասխանն ու պատժամիջոցն այլ կլիներ։

«Թե՛ հայ համայնքը, թե՛ պատրիարքարանը հանդուրժողականություն են ցուցաբերում և միայն հայտարարություններից այն կողմ չեն անցնում։ Պատճառը՝ պետության ու ազգայնական հատվածի հետ բախումներից խուսափելն է», - ասաց նա։

Բագրատ Էստուկյանը նշեց, որ համայնքում կան նաև ըմբոստ ու խնդիրները բարձրաձայնող հայեր, որոնց համախումբը ստացել է «Նոր զարթոնք» անունը։

«Կազմակերպության անդամները հայեր են, սակայն ունեն ազգությամբ թուրք, քուրդ և այլ ազգերին պատկանող համախոհներ։ «Այդ կազմակերպությունը սկսեց խոսել բանակում սպանված Սևակ Բալկչիի մասին, այնուհետև բողոքի ձայն բարձրացրեց անհանգստացնող հարցերի և Թուրքիայի վարած քաղաքականության դեմ»,- ասաց «Ակօսի» խմբագիրը։

Էստուկյանի խոսքով՝ ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիաները, որոնք անցկացվել են նրանց կողմից, պետության կողմից չեն կանխվել, սակայն ընդհատակյա գործողություններ են իրականացվել, որի արդյունքում կազմակերպության ղեկավար անհատներից շատերը լքել են երկիրը՝ հայտնվելով տարբեր երկրներում։ 

Աղբյուրը՝ Հայաստանի հանրային ռադիո