Բեյրութի պայթյունից մեկ տարի անց. լիբանանահայը վերհիշել է աղետի օրերը
04.08.2021
Բեյրութի նավահանգստի պայթյունից մեկ տարի է անցել։ Օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 200 մարդ զոհվեց, հարյուրավորները վիրավորվեցին, մոտ 300 հազարն էլ մնացին անօթևան։ Այդ աղետից անմասն չմնաց նաև Լիբանանի հայ համայնքը։
Պայթյունի հետևանքների, ծանր օրերի և ներկայիս իրավիճակի մասին «Արեւելք» պարբերականին պատմել է կրթական գործիչ, Լիբանանի Օգնության խաչի անդամ Արփի Մինասյանը։
«Մենք այդ ժամանակ շենքում էինք, վերելակի դռան առջեւ, երբ առաջին պայթյունը եղավ, ամուսինս նստեց աստիճաններին, երկրորդ պայթյունին արդեն ամուսինս գլորվեց աստիճաններից ներքև, բարեբախտաբար կարողացա անմիջապես բազրիկը բռնել: Երբ ինձ գտա, տեսա, որ վիրավորված եմ, բայց այդ ժամանակ էլ այնքան գոռոցներ, ձայներ էին լսվում շենքում, որ սկսեցի մյուսների մասին մտածել։ Հարևանիս երեխաները «մա՜մ, մա՜մ» էին գոռում, դիմացի հարևանն էր գոռում, որ ամուսինը վիրավորված է, սակայն օգնության հասնող չկար։ Նոյնիսկ բուժօգնության մեքենա չէիր կարող կանչել, որովհետև չէր կարող մեր թաղամաս հասնել», - պատմել է Արփին։
Նրա խոսքով իրենց թաղամասում 7 մահ են ունեցել՝ 4-ը հայ, 3-ը տեղացի և 50-ից ավելի վիրավոր, որոնց հազիվ էին կարողացել հիվանդանոց հասցնել։
Արփի Մինասյանը հիշատակել է նաև այն աջակցությունը, որը ստացել են հայկական կազմակերպությունների կողմից։ Նրա խոսքով՝ այդ օրերին լիբանանահայությունը միասնական էր դարձել և պայքարում էր աղետի հետևանքների դեմ։
Արփի Մինասյանը հույս է հայտնել, որ արդարությունը կվերականգնվի, որպեսզի պատժվեն բոլոր նրանք, ովքեր աղետալի պայթյունի պատճառը դարձան։
Ավելի մանրամասն՝ Arevelk.am-ում