×

Հոլիվուդի հայ դիմահարդարի պատմությունը. ինչպե՞ս Արմինե Մինասյանը հաստատվեց ԱՄՆ-ում և սկսեց իր կարիերան

11.08.2021

Մայքլ Դուգլաս, Կաթլին Թյորներ, Սյուզան Սարանդոն և այլոք. հոլիվուդյան հայտնի դեմքեր, որոնց հետ աշխատել է մեր հայրենակցուհին, բանաստեղծուհի, հասարակական գործիչ և դիմահարդար Արմինե Մինասյանը, որին Հոլիվուդում կոչում են Էմի։ Արմինե Մինասյանը ծնվել է Իրանում, նա իրանահայ հայտնի պատմագիր Լևոն Մինասյանի դուստրն է։ Սովորել է Իրանում, 4 տարի դասավանդել Նոր Ջուղայի դպրոցներից մեկում։

«Թեև Իրանում հայությանը շատ լավ են վերաբերվում, բայց սեփական պատկերացումներն ու ցանկությունները ներկայացնելը հաճախ բարդություններ էին առաջացնում», - նշում է Արմինե Մինասյանը։

Արմինեն վերհիշում է՝ անկախ ու ազատ է մեծացել, փոքր տարիքից ձգտում էր բարձր տեղեր զբաղեցնել, հայտնվել այլ երկրներում՝ բացահայտելու աշխարհը։

«Հիշում եմ, երբ դեռ ուսուցչուհի էի աշխատում պետական դպրոցներից մեկում և աշխատավարձի բարձրացման հարց էր դրված, ինձ առաջարկեցին իսլամ ընդունել։ Ես, իհարկե, մերժեցի», - պատմել է նա։

1968-թվականին, երբ Թեհրանում անցկացվում էր սկաուտների հավաք, Արմինե ՄԻնասյանը մասնակցության հայտ էր ներկայացրել։ Այդ հավաքին մասնակցում էին նաև հայ սկաուտները։ Այնուհետև ԱՄՆ-ից հրավեր ուղարկվեց դպրոցներին, որին մասնակցելու ցանկություն հայտնեց նաև մեր հայրենակցուհին։ Այս ամենը դարձավ ճակատագրական նրա համար։ ԱՄՆ մեկնելու ցանկություն իրանցիները չունեցան՝ պատճառաբանելով, որ այս ծրագիրը պարտադրաբար է, այլ ոչ ըստ ցանկության։ Արմինե Մինասյանը միակն էր, որ մեկնեց ԱՄն։

«Ես նույն օրվա ընթացքում պատրաստեցի փաստաթղթերս ու նամակների հասցեավորումը և առանց ընտանիքիս հրաժեշտ տալու մեկնեցի ԱՄՆ, Նյու Յորք։ Այնտեղ հաստատվելու համար պետք էր սովորել լեզուն և որևէ մասնագիտություն։ Պետք էր հաճախել այնպիսի դասերի, որոնք չէին խանգարի օրվա ռիթմին։ Իսկ նման դասեր կային վարսահարդարություն և դիմահարդարում մասնագիտությամբ, որոնք էլ ընտրեցի,- ասում է Արմինեն։

Աշխատանք գտնելու և կայանալու դժվարությունները շատ էին, բայց կամքն ու ձգտումները մղիչ ուժ էին՝ հատկապես Արմինեի նման կամային ու նպատակասլաց հայուհու համար։ Արմինե Մինասյանին Հոլիվուդում ճանաչում են ու գնահատում նրա վարպետությունը։ Սակայն մեր հայրենակցուհին չի կտրվել հայությունից։ Պարբերաբար հանդիպումներ է ունեցել ՀՕՄ-ի և Հայ Կրթական հիմնարկության անձնակազմի հետ։

«Հայկական մշակույթը օտարության մեջ պահում են նաև հայկական կազմակերպությունները։ Պետք է հայկական կազմակերպությունները ավելի ակտիվ գործեն, կազմակերպեն հանդիպումներ, խոսեն ու հնչեցնեն հայերենը: Այսօր Սփյուռքում հայերենը շատ քիչ է հնչում, նոր սերունդը լավ չգիտի իր արմատները։ Իսկ ժամանակին բացված հայկական դպրոցներն էլ փակվում են տարբեր պատճառներով», - ասում է նա։

Ի դեպ, մեր հայրենակցուհին մոտ 10 տարի դասավանդել է է Չարլի Չապլինի հիմնած Ամերիկյան ակադեմիայի Դրամատիկական Արվեստի համալսարանում։ Նա Հայաստանի և Միջազգային լրագրողների միության անդամ է։

Աղբյուրը՝ Հայաստանի հանրային ռադիո