×

Լիբանանում ճգնաժամը շարունակվում է. հացի խնդիր կա

19.08.2021

Լիբանանում ճգնաժամը շարունակվում է։ Երկրում դեռ չի կազմվել կառավարություն,  ինչն ավելի է երկարաձգում ճգնաժամային իրավիճակը։ Այս ամենին զուգահեռ վերջերս ևս մեկ պայթյուն տեղի ունեցավ Լիբանանի Ալթալիլ քաղաքում։ Կա 28 զոհ և 80 վիրավոր։ Հայեր չեն տուժել։ 

«Ըստ վերջին լուրերի՝ կրակոց է եղել,  և ըստ ներկաների բացահայտումների՝ մեկը կրակել է բենզինի վրա,  կրակոցից վառվել է բենզինը։ Մարդկանց ասել էին,  որ բենզին կա,  եկեք ստանալու,  մարդիկ գնացել էին ստանալու,  և դրա հետևանքով մենք ունենք 28 զոհ,  80 վիրավոր»,  - «Հայերն այսօր»-ին պատմել է լրագրող Փաթիլ Մկրտիչեանը։

Այս օրերին երկրում ապահովված չեն նաև սոցիալական նվազագույն պայմաները. կա դեղորայքի,  վառելիքի,  էլեկտրականության և,  նույնիսկ, հացի խնդիր։ 

«Հիմա ես բարեբախտաբար լույս ունեմ իմ տեղում։ Հարցը սկսում է բենզինից,  երբ բենզին չկա,  ժամերով հերթի պիտի սպասես,  բենզին,  գազ,  մազութ չունենք,  այդ մազութով աշխատում են փուռերը, և քանի որ չունենք մազութ,  հիմա էլ հացի խնդիր ունենք»,  - պատմում է Փաթիլը։ 

Մյուս կողմից էլ համաճարակի վտանգը չի լքում երկիրը։ Կան վարակակիրներ,  սակայն նրանց բուժելու համար դեղորայք և հակահամաճարակային պայմաններ չկան։ Փաթիլ Մգրդիչեանի խոսքով՝ այս ճգնաժամային իրավիճակին հայ համայնքը դիմագրավում է համայնքային միջոցներով։

«Այսօր համայնքը գոյատևում է միմյանց օգնելու շնորհիվ,  դրսից ուղարկվող իրենց հարազատների,  բարեգործական կազմակերպությունների օգնության շնորհիվ,  նաև եկեղեցին է օգնում»,  - պատմեց նա։ 

Լիբանանցիները հիմա հույս ունեն,  որ շուտով կառավարություն կունենան։ Օրեր առաջ Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո հայտարարել է՝ հնարավոր է համաձայնության գան և շուտով կառավարություն կազմեն։