×

Կարո Փայլանը բարձրացրել է Անկարայի հայկական գերեզմանոցը գանձախույզներից պաշտպանելու հարցը

20.08.2021

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է Անկարայի հայկական գերեզմանոցը գանձախույզներից պաշտպանելու հարցը:

«Անկարայի պատմամշակութային ժառանգության մաս համարվող և 90-ականներին պահպանվող տարածք հայտարարված այս պատմական գերեզմանատան թալանը գանձ որոնողների կողմից խորապես վիրավորում է ոչ միայն Թուրքիայի հայ համայնքին, այլ նաև Անկարայի բնակիչներին և մեր բարեխիղճ քաղաքացիներին», - ասել է Փայլանը:

Փայլանը, հղում անելով մամուլում տեղ գտած լուրերին, նշել է, որ վերջին օրերին գանձագողերը բացել են հելլենիստական դարաշրջանին պատկանող մի շարք  գերեզմաններ և այնտեղ գտնվող ոսկորները այս ու այն կողմ ցրել:

Այդ ամենից հետո դեպքի վայրում ուսումնասիրություններ իրականացրած ոստիկանները փակել են բացված գերեզմանոցները:

Այս ամենի վերաբերյալ Կարո Փայլանը մի շարք հարցեր է ուղղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին:

«Ինչո՞ւ չեք պահպանում Անկարայի Սթանոզի հայկական գերեզմանատունը: Արդյո՞ք քայլեր ձեռնարկվում են Սթանոզի հայկական գերեզմանատունը թալանի ենթարկած գանձագողերին ձերբակալելու ուղղությամբ: Մշակութային արժեքներին մեծ վնաս հասցնող գանձախույզների գործունեությունը դադարեցնելու հարցում ի՞նչ եք անում: Ի՞նչ եք անում երկրի տարածքում հայկական բազմաթիվ լքված գերեզմանատները պահպանելու հարցում», - հարցրել է Փայլանը: