×

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանն արժանացել է Երախտագիտության մեդալի

23.08.2021

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանն արժանացել է Հայաստանի բարձրագույն պարգևներից մեկին՝ Երախտագիտության մեդալի։ Լոս Անջելեսի քաղաքապետարանի նիստերի դահլիճում Կրեկորյանին մեդալը հանձնել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը։

Նա նշել է, որ Արցախյան պատերազմի հենց առաջին օրերին Փոլ Կրեկորյանը ձեռնամուխ է եղել ամերիկացի քաղաքական և պետական գործիչների համախմբմանը՝ հանուն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դադարեցման։

Պատերազմի ավարտից հետո Փոլ Կրեկորյանի շնորհիվ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձևեր է ընդունել, վերահաստատել աջակցությունը Արցախի ժողովրդին և Ադրբեջանից պահանջել անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակչությանը:

Նոյեմբերի 9-ն էլ հռչակվել է ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր։ Փոլ Կրեկորյանը նշել է, որ կատարել է պարտականությունը՝ իբրև հայորդի և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս մշտապես կանգնել Հայաստանի և Արցախի կողքին։

«Փոլ Կրեկորյանը բարձրագույն պարգևին արժանանում է հայրենիքի նկատմամբ ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար և չափազանց բարձր գնահատեց իր գործունեությունը թե ԱՄՆ երկրորդ ամենամեծ քաղաքը հանդիսացող Լոս Անջելեսի, այնպես էլ ամբողջ Կալիֆորնիայի շրջանակներում»,- ասել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը: 

«Ես առաջին ամերիկահայն եմ՝ երբևէ ընտրված Լոս Անջելես քաղաքի ղեկավար պաշտոնում։ Դա հնարավորություն է ինձ համար օգտագործել իմ դիրքը՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարությանն ու ժողովրդին, որը պայքարում է միևնույն արժեքների և սկզբունքների համար, որոնց վրա հիմնված է այս պետությունը։ Դրանք նույն արժեքներն են, որոնց համար պայքարում է Արցախի ժողովւրդը։ Լոս Անջելես քաղաքը կանի հնարավորը նրանց աջակցելու համար։ Հատապես Արցախը հատուկ տեղ ունի իմ և ընտանիքիս սրտում։ Շուշիում են կնքվել իմ երեխաները։ Ադրբեջանական ագրեսիայի Ողբերգական հետևանքը և Թուրքիայի և Ադրբեջանի դիկտատորների նվաճողական քաղաքականությունը Արցախի ժողովրդի նկատմամբ կոտրել է աշխարհասփյուռ հայերի սիրտը։ Մենք սպասում ենք այն օրվան, երբ կրկին կկարողանանք մեր ընկերների հետ հանդիպել Շուշիում, որի հետ Լոս Անջելեսի քույր-քաղաք ծրագիրը պատերազմից հետո կասեցվել է։ Հուսամ՝ ժամանակավոր»,- նշել է Փոլ Կրեկորյանը: