×

Իտալիայում ՀՀ դեսպանին շնորհվել է «Premio Marzani» մրցանակ

30.08.2021

Օգոստոսի 29-ին Իտալիայի Սան Ջորջո դել Սանիո քաղաքում տեղի ունեցավ «Կամպանիա Եվրոպա Միջերկրական» ասոցիացիայի կազմակերպած ամենամյա «Premio Marzani» մրցանակաբաշխությունը։ Միջոցառումը տեղի է ունենում Իտալիայի Արտաքին գործերի նախարարության, Իտալիայի պատագամավորների պալատի, Իտալիայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության, Կամպանիա նահանգի, Բենեվենտոյի շրջանի, Բենեվենտոյի Առևտրի պալատի, Կամպանիա շրջանի լրագրողների միության, Սանիոյի համալսարանի, ինչպես նաև Սան Ջորջո դել Սանիո քաղաքի հովանու ներքո։

ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանին հանձնվեց «Premio Marzani» մրցանակը, որը տրվում է լրագրողներին, գրողներին և դիվանագետներին, ովքեր իրենց գործունեությամբ նշանակալի ավանդ են ունեցել խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում։ Դեսպանը հանդես եկավ ելույթով և ներկայացրեց նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ սանձազերծած պատերազմը և դրա հետևանքները, խոսեց այդ պատերազմի ընթացքում Թուրքիայի դերի մասին։

Դեսպանը ներկաներին տեղեկացրեց, որ Արդբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեղված գերիների վերադարձը և շարունակում է անազատության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիներին։ Ադրբեջանի վերահասկողության տակ մնացած տարածքներում Ադրբեջանն ավերում է հայկական բազմադարյա մշակութային և կրոնական ժառանգության հուշարձանները։ Դեսպանը նշեց նաև, որ չնայած պատերազմը դադարեցվել է, սակայն դեռևս լուծված չէ Ացախի խնդիրը։ Դեսպանը նշեց, որ հայկական կողմի համար ամենակարևորը արցախահայության՝ սեփական հողում ազատ ապրելու և արարելու իրավունքն է, որն իրացնելու միայն ձևը ինքնորոշման իրավունքի ճանաչումն է։