×

Եկեղեցին կարևոր օղակ է սփյուռքում, նրա միջոցով օտարության մեջ ապրող հայը մնում է հայ. Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ

31.08.2021

«Հայերն այսօրը» զրուցել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ  Նարեկ Եպիսկոպոս Բերբերյանի հետ։   

 Ի՞նչ վիճակում է Բրազիլիայում հայկական համայնքը։

«Նախ իմ գնահատանքն ու շնորհակալությունն եմ ցանկանում հայտնել Ձեզ և ձեր լրատվական կայքին, որ ամեն գնով փորձում եք անդրադարձ կատարել աշխարհի գրեթե բոլոր անկյուններում հաստատված հայկական համայնքների կյանքին, նրանց գործունեությանը և համայնքային բազմաբնույթ  խնդիրներին:

Բրազիլիայում հայերը իրենց արմատները սկսել են գցել դեռևս 19-րդ դարի 80-90-ական թվականներին՝ հիմնականում գաղթելով Մարաշից, Սսից և Հաճնից, իսկ երկրորդ մեծ գաղթը դեպի Բրազիլիա եղել է արդեն 20-րդ դարի վերջին տարիներին, երբ մեծաթիվ հայեր այստեղ եկան Լիբանանից: Շատ ընտանիքներ Բրազիլիա են տեղափոխվել նաև փրկվելով Հայոց Ցեղասապանության ոճրագործությունից:  Հայկական գաղութը հիմնականում հաստատված է Բրազիլիայի ամենամեծ քաղաքում՝ Սան Պաուլոյում: Այստեղ հայերի թիվը հասնում է գրեթե 40 հազարի: Ուրախությամբ եմ հայտնում, որ հայերը իրենց ուրույն դերն ու նշանակությունը ունեն երկրի ամենակարևոր ոլորտներում՝ բժշկությունից մինչև արդյունաբերություն: Ունենք նաև Հայաստանից ժամանած ընտանիքներ որոնց թիվը այդքան էլ մեծ չէ: Իսկ ինչ վերաբերում է հարցի մյուս կողմին, թե ինչ վիճակում է գտնվում հայ համայնքը, վստահորեն պետք է նշեմ, որ հայկական սփյուռքի ակտիվ համայնքներից մեկը Բրազիլիայում է: Ներկայիս հայերը իրենց պապերի երկրորդ և սերունդն են համարվում, բայց այդ հեռավորությունը նրանց ավելի է մղում դեպի հայկականություն և դեպի Մայր Հայրենիք»:

Կա՞ վիճակագրություն, թե տարեցտարի որքանով է ավելանում կամ պակասում հայ համայնքի անդամների թիվը։

«Ցավով պետք է նշեմ, որ թվով չեմ կարող ասել, թե ինչպիսի պատկեր է  հիմա Բրազիլիայում հայության քանակի հետ կապված: Եթե հաշվի առնենք, որ ապրելու նպատակով  քիչ թվով հայեր են գալիս Բրազիլիա, ապա կարող ենք ենթադրել, որ այստեղ հայությունը շատ չի ավելանում: Բայց այս շատացման կամ քչացման հարցի մեջ պետք է քաջ գիտակցենք, որ կան հազարավոր ընտանիքներ, որոնք հայ են և սերնդեսերունդ մնալու են հայ և հայի տեսակը վստահաբար և ինքնաբերաբար պահպանվելու է: Այսինքն, եթե մտածենք այսպես, որ եթե մեկ հայ էլ չգա ապրելու Բրազիլիա, դա չի կարող վնասել այստեղ հայության թվի չափին: Կարծում եմ, որ սա մի փոքր նուրբ հարց է, և հստակություն չկա նրանում»:

Որո՞նք են տեղի հայերին մտահոգող հիմնական հարցերը։ 

«Բրազիլիայում գործող Հայ Առաքելական եկեղեցու մեր թեմը ամբողջապես ներգրավված է ժողովրդի կյանքի մեջ: Մենք ամեն քայլ կատարում  ենք, որպեսզի ակտիվ պահենք նրանց, տարբեր միջոցառումների, զրույցների  կազմակերպումով փորձում ենք շատ ու շատ ընտանիքներ իրարու հետ ծանոթացնել՝ նպատակ հետապնդելով  ուժեղացնել և արմատացնել տեղի հայ համայնքը: Նախ նշեմ, որ թեմի առաջնորդանիստ եկեղեցին Սան Պաուլոյում գտնվող Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին է, որը կառուցվել է 1948 թվականին, մեկ եկեղեցի էլ ունենք, որը գտնվում է Օզասկո քաղաքում՝ կառուցված արդեն 1935 թվականին: Այս երկու եկեղեցիները ամբողջապես լծված են ծառայելու տեղի հայ ժողովրդին: Թեմի հոգևորականներս պարբերաբար այցելություններ ենք կատարում տեղի հայ ընտանիքներին: Մենք մշտական կապի մեջ ենք գրեթե բոլորի հետ, նույնիսկ տեղեկացված ենք, թե ով է վատառողջ և անհրաժեշտության դեպքում նրանց այցելություն ենք գնում և մասնավոր աղոթք կատարում: Ընտանիքներ կան որոնք ցանկություն են հայտնում հանդիպել մեզ հետ՝ զրուցելու հայոց պատմությունից նաև տարբեր եկեղեցիներից հայ եկեղեցու տարբերության մասին տեղեկություններ ունենալու համար: Նաև գալիս են երիտասարդ զույգեր, որոնք պատրաստվում են ընտանիք կազմել և որոշ խորհուրդներով փորձում ենք օգտակար լինել նրանց: Դիմում են ընտանեական ներանձնական խնդիրներ ունեցող ամուսիններ, որոնք օրինակ բաժանման ճանապարհի վրա են գտնվում, այս հարցում ևս որքանով որ կարողացել ենք նույնպես օգնել ենք, և դա իսկապես հոգևորականի համար ուրախություն  է: Փառք Աստծուն, որ սիրո մթնոլորտ է ձևավորվել համայնքում և կարողանում ենք ամուր պահել եկեղեցի-հավատացյալ կապը: Անշուշտ հավատացյալներից շատերը բազմաթիվ խորհուրդներով մեզ են դիմում՝ ակնկալելով ստանալ որևէ հոգեբանական տեսակի օգնություն: Մեկ բան պետք է իմանանք, որ եկեղեցին սփյուռքում կարևոր օղակ է, որովհետև նրա միջոցով օտարության մեջ ապրող հայը մնում է հայ, և այն սերն ու նվիրումը, որ տեսնում ենք նրանց աչքերից դեպի Մայր Հայրենիք՝ հուզիչ է և պարտավորեցնող»:

Ինչպե՞ս եք կարողանում պահպանել հայկական մշակույթն ու լեզուն սփյուռքում։

«Հայկական մշակույթն ու լեզուն պահպանելու ամենալավ միջոցը սփյուռքում հայկական դպրոցների գոյությունն է: Բրազիլիայի Հայոց Թեմի հովանու տակ է գործում Ազգային Դուրյան Վարժարանը, որը  կառուցվել է համայնքի հանգանակությամբ 1931 թվականին, և մինչև օրս ծառայում է իր բարի նպատակին: Հայկական դպրոցում մեր մայրենի լեզուն պարտադիր կերպով դասավանդվում է, Փառք Աստծուն, որ ունենք նաև հայ ուսուցիչներ, որոնք ամեն գնով փորձում են հայերենը արմատացնել աշակերտների մեջ: Եկեղեցու հովանու տակ գտնվող Ազգային Դուրյան Վարժարանում  ուսանում են նաև օտար ազգի երեխաներ, որոնք նույնպես հայերեն լեզուն սիրով սովորում են: Ամեն գնով փորձում ենք պահպանել հայկականը, այդ նպատակով ծրագրել և հատուկ դասընթացներ ենք կազամակերպում՝ նրանց ծանոթացնելով հայ մշակույթին, նաև հայ ազգային և եկեղեցական երաժշտությանը: Վերջերս ստեղծեցինք փոքրիկ երգչախումբ, որը կատարում է աշխարհիկ և հոգևոր բազմաթիվ երգեր: Ունենք  Գրիգոր Մավյան մանկապարտեզը, որը կարելի է ասել նախակրթարան է ավելի փոքր տարիքի երեխանների համար: Ունենք նաև հայկական պարերի հատուկ դասեր: Հայկական համայնքին է պատկանում նաև Հայկական Ակումբ անունը կրող սպորտային համալիրը, որտեղ անցկացվում են բազմաթիվ սպորտային մարզումներ»:

Բրազիլիայում հնարավո՞ր է կանխել հայերի ուծացման վտանգը։ Նրանք նախընտրում են ամուսնանալ հայերի հետ, թե՞ օտարազգիների։

«Այս խնդիրն ամենից կարևոր հարցն է սփյուռքում և դրանից անմասն չեն որևէ երկրում գտնվող հայկական համայնքները: Անշուշտ փորձ է արվում կանխել նման երևույթները, բայց եթե այդ հարաբերությունը արդեն հիմնված է սիրո վրա, ապա այն արդեն գերակա խնդիր չէ, որովհետև կարևորը ամուր, անքակտելի ընտանեական հարաբերություններ ունենալն է: Բրազիլիայում կան հայեր, որոնք ամուսնացել են տեղացի մարդկանց հետ և´ աղջիկների պարագայում, և՛ տղաների, բայց հետաքրքրականը և ուրախալին այն է, որ երկու կողմն էլ իրենց հոգևոր կարիքները հոգում են հենց հայկական եկեղեցում: Սկսած իրենց պսակադրության արարողությունից նրանք հայկական եկեղեցու միջոցով են կապվում Աստծո հետ: Երբ նման զույգի օրինակով օտար կողմի հետ եմ զրուցում, նրա կողմից ևս հետաքրքրություններ կան դեպի Հայաստան և դեպի Արցախ աշխարհ: Եվ հավատացեք նման օրինակներում շատ տեղացիներ են կապվել Հայաստանի հետ: Ուրախալի է նաև այն, որ վերջին տարիներին տեղի հայերը մշտական բնակություն են հաստատում Հայաստանում: Եվ մի քանի ընտանիքներ կան, որ պատրաստվում են մեկնել մշտական բնակության դեպի Մայր Հայաստան: Կան հայեր, որոնք եկել են Հայաստան և դիմելով կառավարությանը անձնագիր են ստացել և դարձել երկքաղաքացի: Կան տեղացի հայեր, որոնք ամուսնացել են Հայաստանում ապրող հայի հետ: Եվ անունների պարագում նույնպես հետաքրքրական է, հայ երեխաններին անվանում են տիպիկ հայկական անուններ օրինակ՝ Դրո, Մոնթե, Տարոն, Սերոբ, Սոսե, Արազ և այլն»:    

Որո՞նք են Հայոց թեմի առաջնահերթ ծրագրերը։

«Ցավոք համավարակը մեզ շատ է խանգարում, երկրի առկա սահմանափակումները թույլ չեն տալիս, որ արդեն գործող մեր ծրագրերը շարունակվեն, բայց առաջ Աստված համավարակի ավարտից հետո մի շարք ծրագրեր ենք նախատեսում, որոնցից մի մասը արդեն կյանքի կոչված է, իսկ մյուս ծրագրերին կանդրադառնանք համավարակի ավարտից հետո: Առաջին ծրագրերից մեկը  դեռևս 2014 թվականից գործող Հայ Երիտասարդաց միության հավաքն է, որը նախատեսում ենք այս տարվա վերջում իրականացնել: Ծրագրում ենք հաջորդ տարի մեծ այցելություն անել դեպի Հայաստան և Արցախ՝ նաև մասնակցելով Մյուռոնօրհնության հրաշափառ արարողությանը, որը ի դեպ 7-ը տարին մեկ անգամ է լինում: Նախատեսում ենք ընդհատված Սուրբ Գրքի սերտողության, մեկնաբանության դասընթացները շարունակել՝ շատերի մեջ ամրացնելով հոգևոր գիտելիքները: Ծրագրում ենք նաև ստեղծել ավելի մեծ երգչախումբ՝ սովորեցնելով հայ ազգային երգեր»:        

Ձեր գնահատմամբ՝ ինչպիսի՞ն է Հայաստան-Սփյուռք կապը, ինչպե՞ս եք պահպանում այն և ի՞նչ խնդիրների եք առնչվում։

«Վստահաբար պետք է ասեմ, որ վերջին տարիներին Մայր Հայաստանի հետ մեր կապը ավելի ամրացրինք: Այսօր առավել կարևոր բանն Հայաստանից դուրս հայրենիքի հետ  ավելի ամուր կապված լինելն է, որը փառք Աստծու հիանալի կերպով ստացվում է: Վերջերս ստեղծվել է Արցախի մշակութայն ժառանգության հատուկ հանձանխումբ, որին միացանք նաև մենք, նպատակը այն է, որ Բրազիլիայի հասարակությանը ծանոթացնենք այսօր ինչպիսի   վայրագություններ է կատարում թուրք-ադրբեջանական տանդեմը Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ, ի դեպ այդ  հանձնախումբը ստեղծվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնությամբ: Այդ հանձնախմբի մեջ ներգրավեցինք նաև ազգությամբ Բրազիլացի պատմաբանների: Հայրենիքի հետ կապը ամրացնող գործոններից մեկը դա տեղի հայությանը ամեն գնով հայրենիքին ծանոթացնելն է, որովհետև կան շատ հայեր, որոնք ցավով եմ նշում դեռ Հայաստան այցելություն երբևէ չեն կատարել, հիմա փորձում ենք  այդ հայերին դեպի Հայաստան ճամփորդության տանել: Արցախյան պատերազմի օրերին տեղի հայությունը աննկարագրելի համախմբվածություն ցուցաբերեց, նյութական բազմաթիվ միջոցներ ուղղվեցին դեպի Արցախ, ինչպես նաև հագուստ և սնունդ: Այդ ծանր օրերին կազմակերպեցինք ավտոշքերթ մոտ 500 մեքենաներ դուրս եկան Սան Պաուլոյի գլխավոր Պաուլիստա փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով տեղի բնակչությանը: Ցույց կազմակերպեցինք նաև դեպի Թուրքիայի դեսպանատան առջև:

Մի քանի տարի առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կազմակերպեց երիտասարդական հավաք, որին հայկական սփյուռքից մասնակցում էին բազմաթիվ երիտասարդներ, դրանից անմասն չմնաց բրազիլահայոց թեմը: Կազմակերպեցինք և մոտ մեկ տասնյակ երիտասարդների հետ այցելեցինք Հայաստան՝ նրանց ավելի լավ ծանոթացնելու Մայր Հայրենիքին, նրա մշակույթին և այն առանձնահատկություններին, որ միայն մեր երկրին է հատուկ:

Խնդիրներ այդպիսին Հայաստանի հետ չեն ծագել, մենք մեր ծառայությունը ամբողջովին կապում ենք տեղի հայ բնակչությանը հայրենիքի հետ ամուր կապելու համար»:  

Որո՞նք են այն գերակա խնդիրները, որոնք փորձում է լուծել Բրազիլիայի Հայոց թեմը։

«Կառանձնացնեմ մեկը՝  մայրենի լեզվի պարագան: Հայկական դպրոցի հայերեն դասաժամերից բացի կազմակերպում ենք երկուշաբաթյա դասեր, որոնք ազատ սկզբունքով են կատարվում հիմնականում երիտասարդների մասնակցությամբ: Հուզիչ է, երբ երիտասարդների աչքերում նկատում ես հետաքրքրություն և աշխուժություն դեպի հայերեն լեզուն:  Սփյուռքում խնդիր է  օտարության մեջ հայերեն լեզուն պահպանել, բայց լծված ենք դեպի այդ, որպեսզի ամեն գնով պահպանենք մեր մայր լեզուն: Բրազիլիայում հայկական համայնքը կարելի է ասել լուրջ խնդիրներ չունի, որովհետև բարեհաջող կերպով ինտեգրված է տեղանքին և երկրի առանձնահատկություններին: Վստահորեն կասեմ, որ տեղացիները առանձնացնում են հայերին  և հայերը այդպիսով վայելում են բոլորի սերն ու հարգանքը: Հայն, ուր էլ, որ ապրի, ժամանակի ընթացքում օտար հասարակությանը ցույց է տալիս, թե որտեղից է գալիս և ինչ մարդկային տեսակ ունի: Շատ ու շատ մարդիկ Հայաստանի հետ ծանոթացել են օտարության մեջ ապրող հայի շնորհիվ, շատերը, առաջին անգամ գալով, սիրահարվել են մեր երկրին և մշտական բնակություն հաստատել:

Թող Աստված ամուր պահի մեր հայրենիքը, այս դժվարին ժամանակները մեզ չպետք է խեղճացնեն, մենք ավելի ամրացած պետք է հասնենք այն կետին որն է՝ հզոր բանակ և հզոր պետություն: Աղոթում եմ, որպեսզի Աստված իր լուսեղեն հարկերի ներքո պահի մեր նահատակ տղաների հոգիները, աղոթում եմ, որպեսզի վերականգնվի այն խարխլված խաղաղությունը: Աստված պահապան մեր հայրենիքին՝ Հայաստան և Արցախ աշխարհին»: