×

Գերմանիայի հայոց թեմը 65 հազար դոլարի ծրագիր է իրականացրել Արցախում

27.08.2021

ՀԱԵ Գերմանիայի հայոց թեմն աջակցում է Արցախին: Թեմի առաջնորդ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի հաճախակի այցերը պատերազմից հետո գործանական են դարձել: Վերջերս Մարտունիում իրագործել են ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագիր,  որին հատկացրել են 9 միլիոն եվրո: 

«Մարտունու շրջանում հայտնի Մոնթեի կամ Ավոյի աղբյուրի ջուրը մղվեց դեպի հիմնական ջրատար,  ևս մեկ փոքրիկ աղբյուրի ջուր,  որպեսզի բարելավվի Մարտունու ջրամատակարարման ծրագիրը: Այդ ծրագիրն իրագործեցինք Արցախի տարածքային կառավարման նախարարության հետ»,  - ասաց թեմի առաջնորդ Սերովբե Իսախանյանը: 

Մյուս ծրագրով արցախցի երեխաներին են օգնել: Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնի պարային խմբերին ապահովել են նոր զգեստներով: Մոտ 2 միլիոն դրամ էլ հատկացրել են Շուշիի 1920 թվականի հայկական կոտորածներին նվիրված գրքի հրատարակման համար: 

«Բավականին հաստափոր գիրք է՝ 550 էջանոց,  քարտեզներով,  այլ տեղեկություններով,  որը պետք է հրատարակվի 500 օրինակով և տրամադրվի տարբեր գրադարանների: Գիրքը հայերեն է,  բայց ունի անգլերեն և ռուսերեն ամփոփումներ»,  - ասաց թեմի առաջնորդը:

Գերմանիայի հայոց թեմի աջակցությամբ Արցախի Բերդաձորի ենթաշրջանի բոլոր ընտանիքները նաև զբաղմունքի և եկամտի հնարավորություն են ստացել:  

«Իրագործեցինք գյուղացիներին մանր եղջերավոր անասունների,  ոչխարների տրամադրումը,  62 ընտանիքի 186 գառ տրամադրվեց,  յուրաքանչյուրին՝ 3-ական գառ»,  - ասաց Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը:

Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի խոսքով՝ այս ծրագրերով նպատակ ունեն Արցախի գյուղերում ապահովել բնակիչների բնականոն կյանքը և խթանել գյուղատնտեսության զարգացումը:

«Մենք ուզեցինք մեր փոքրիկ մասնակցությունն ունենալ,  որպեսզի գյուղացին նախ իրեն մենակ չզգա,  որ սփյուռքի իր հայրենակիցները կամ գերմանահայ հայրենակիցները իրենց հնարավորության սահմաններում օգտակար են լինում»,  - ասաց Իսախանյանը: 

Գերմանիայի հայոց թեմը վերջին 4 ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ 65 հազար դոլարի ծրագրեր է իրականացրել Արցախում: Թեմի առաջնորդն ուրախությամբ է ընդգծում՝ Արցախում կյանքը շարունակվում է,  իրենք էլ շարունակելու են ծրագրերը և մինչև վերջին գումարը տրամադրելու են Արցախի վերականգման համար: