Միջազգային մրցույթների դափնեկիր Գոհար Հակոբյանն առաջին անգամ մենահամերգով հանդես է եկել հայրենիքում
15.05.2023
Միջազգային մրցույթների դափնեկիր սփյուռքահայ Գոհար Հակոբյանն առաջին անգամ մենահամերգով հանդես եկավ Հայաստանում։ Գոհարն այս մենահամերգին սպասել էր շատ երկար, պատրաստվել՝ մոտ մեկուկես ամիս։
«Ես միշտ շատ մեծ հպարտութամբ ներկայացնում եմ Հայաստանը միջազգային մրցույթներում և փառատոններում, ինձ համար դա շատ կարևոր է։ Միշտ ունեցել եմ մեծ ցանկություն իմ հայրենիքում մենահամերգ ունենալու»,- նշեց Գոհարը։
Ցանկությունից՝ նպատակ, երազանքից՝ իրականություն։ Բելառուսում ստեղծագործող հայուհու երևանյան մենահամերգը տեղի ունեցավ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։
«Համերգին հնչել են միջազգային օպերային կոմպոզիտորիների ստեղծագործություններ՝ Բելինի, Պուչինի, Դոնիցետի, Գենդել, Գունո։ Հնչել են նաև ռոմանսեներ։
Բացի միջազգային կոմպոզիտորիների ստեղծագործություններից, Գոհարը հանդես է եկել նոր կատարմամբ և ներկայացրել ժամանակակից կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի «Աղոթք» ստեղծագործությունը»,- պատմեց երգչուհին։
Այս ստեղծագործությունն էլ հենց ոգեշնչեց երգչուհուն վերադառնալ հայրենիք և սովորել դասական երգեցողություն բաժնում: Գոհարը 5 տարեկանից է տարված եղել երգ-երաժշությամբ։ Սովորել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, այնուհետև՝ Սերգեյ Ռախմանինովի քոլեջում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայում:
«Կալինինգրադում համերգով Հայաստանից երգիչներ էին եկել, այդ թվում Սոֆիա Սայադյանը և երբ ես լսեցի իր երգը շատ հավանեցի, կարելի է ասել՝ նույնիսկ սիրահարվեցի, հասկացա, որ անպայման ուզում եմ ընդունվել Երևանի պետական Կոնսերվատորիա»,- նշեց Գոհարը։
Գոհար Հակոբյանը Հայաստանի հետ կապված շատ հուշեր ունի։ Հայրենիքն իր տաքուկ անկյունն է համարում, որտեղ ուզում է միշտ վերադառնալ:
«Իմ ուսանողական տարիները շատ ուրախ են անցել, այստեղ շատ ընկերներ եմ ձեռք բերել նաև ծանոթացա իմ կուրսեցու հետ, որն հետագայում դարձավ իմ ամուսինը։ Շատ եմ սիրում մեր կոնսերվատորիան, շատ եմ սիրում Երևանը»,- նշեց սփյուռքահայը։
Հայաստանում տեղի ունեցած մենահամեգից հետո երգչուհին առաջարկ է ստացել հանդես գալ նաև Սանկտ Պետերբուրգում։ Առաջիկայում էլ կներկայացնի նոր ստեղծագործություն՝ «Ավեմարիան»: Գոհարը մեծ ուրախությամբ է սպասում պրեմիերային: Հույս ունի, որ թե՛ հայ, թե՛ միջազգային հանդիսատեսը բարձր կգնահատի իր աշխատանքը։