×

Սփյուռքահայ կիթառահար Յակովոս Կոլանյանը համերգային ծրագրով հայրենիքում է

20.05.2023


Կիսով չափ հայ, կիսով չափ հույն. Հունաստանում կյանքի մեծ մասն անցկացրած հայազգի երաժիշտ Յակովոս Կոլանյանը Հայաստանում հանդես եկավ համերգային ծրագրով:

«Առաջին բաժինը հայկական երաժշտություն է, երկրորդը՝ հունական, նաև հայկական երաժշտություն կիթառի համար վերածած, որոնք իմ մշակումներն են: Շատ ուրախ եմ, որ այդ վերածումները շատ երաժիշտներ աշխարհի մեջ նվագում են և ձայնագրում,» - ասաց նա:

Երաժիշտն հիմնական կրթությունը ստացել է Հունաստանում, մասնագիտացել՝ Իտալիայում: Կարիերայի սկզբում Յակովոս Կոլանյանի հանդիսատեսը առավելապես հույներն էին, հետո սկսեց ճամփորդել և ներկայանալ տարբեր երկրներում, իսկ 1989-ին հրավերով եկավ Հայաստան:

«Առիթն այն էր, որ առաջին ձայնապնակը հայկական երաժշտությունն էր և հրավեր ստացա  մշակույթի նախարարության կողմից, որից հետո սկսեցի գործակցել սիմֆոնիկի հետ՝ որպես սոլիստ,» - ասաց Կոլանյանը։ 

Առաջին հայաստանյան համերգն էլ հենց սիմֆոնիկ նվագախմբի հետ եղավ՝ 1990 թվականին. սկսվեցին տարատեսակ համերգները, ձայնագրություններն ու հյուրախաղերը: Ամենամյա փառատոնի շրջանակում կիթառահարը եղել է հայրենիքում, ելույթ ունեցել Գյումրիում: Բացի այդ պարբերաբար մասնակցում է Վիեննայում, Միլանում, Աթենքում, Իսրայելում և Կիպրոսում միջազգային փառատոնների՝ հանդես գալով թե՛ մենահամերգներով, թե՛ նվագախմբերի հետ։

«Ես հպարտություն եմ զգում, որ Հայաստանն եմ ներկայացնում,» - ասաց կիթառահարը: 

Հունաստանի կոնսերվատորիայում տարիներ շարունակ դասախոսող Կոլանյանը սկսել է նվագել մանկուց: Թաղամասի շրջիկ երաժշտական խմբերն ու մայրիկի նվիրած կիթառն էլ որոշել են երաժշտի ճակատագիրը:

«Երբ փոքր էի, նվեր ստացա կիթառ և սկսեցի կիթառ նվագել, եթե դաշնամուր նվեր ստանայի, դաշնամուր կնվագեի կամ ջութակ… ինձ համար կարևոր չէր թե ինչ, կարևոր էր նվագելը,» - ասաց երաժիշտը: 

Երաժշտությունը հոբբի ու մասնագիտություն դարձրած սփյուռքահայը հասցրել է նաև Կոմիտասի մեդալի արժանանալ: Երևանյան համերգի ծրագրով ներկայացել է նաև Միացյալ Նահանգներում: Երաժշտի հաջորդ կանգառը Գյումրին է. մայիսի 21-ին ելույթ կունենա արդեն սիրելի դարձած հանդիսատեսի համար