×

Երևանում բացվեց Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը

15.08.2023

Սփյուռքից Հայաստան վերադառնալն այսուհետև ավելի հեշտ կլինի. գործարկվել է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը: Կառույցի բացմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընգծեց՝ հայրենադարձությունը ռազմավարական նշանակություն ունի և կառավարությունն ուզում է ավելի շատ հայրենիք վերադարձողների տեսնել:


«Այս և նման քայլերով մենք պետք է ամրապնդենք մեր քաղաքացիների, մեր ժողովրդի վստահությունը Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ, այն արձանագրումով, որ այդ ապագան ոչ մեկը սկուտեղի վրա մեզ չի մատուցելու, դա մի գործ է, որը պետք է անենք բոլորս միասին, յուրաքանչյուրս մեր տեղում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Նորաբաց կենտրոնը հայրենադարձվել ցանկացողներին խորհրդատվություն և աջակցություն կմատուցի: Մեկ խնդրի համար մի քանի պետական կառույց այցելելու անհրաժեշտություն չի լինի, բոլոր ծառայությունները կլինեն մեկ վայրում: Հայաստան գալուց առաջ հայրենադարձը կկարողանա կապվել կենտրոնի հետ և լուծել բոլոր հարցերը: Հիմնական գործընթացից հետո կենտրոնը ևս 6 ամիս կապ կպահի քաղաքացու հետ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ չնայած մեր երկրի առջև ծառացած անվտանգային  մարտահրավե րներին, հայրենադարձների հոսքը չի դադարում:

«Հայրենադարձության գործընթացում միջազգային հաջողված փորձը վկայում է, որ բացի պետական մասնակցությունից, շատ կարևոր է սփյուռքի շահագրգռվածությունը և մասնավոր կառույցների ներգրավումը, ինչի ականատեսն ենք այսօր»,- ասաց Զարեհ Սինանյանը:


Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում բացի խորհրդատվությունից սփյուռքից վերադարձած մեր հայրենակիցներին կմատուցվեն նաև հայերենի և բիզնեսի անվճար դասընթացներ: