×

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին այս տարի մասնակցում է 60 ուսուցիչ

16.08.2023

Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան է ժամանել 60 սփյուռքահայ ուսուցիչ՝ մասնակցելու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնած Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին: 4-շաբաթյա դասընթացների ընթացքում մասնակիցներն ուսումնասիրում են 7 ծրագիր:

«Մենք ունենք մշակույթի բաժին, մենք ունենք հայոց լեզու-գրականություն, մեկօրյա դպրոցներ, տարրական կրթություն կամ մանկապարտեզ, Հայոց պատմություն, տնօրենների վերապատրաստում: Այսինքն՝ մենք փորձել ենք սփյուռքում գործող բոլոր կրթական հաստատությունների կարիքներին բավարարել»,-ասաց նա:


Լիբանանի Մխիթարյան վարժարանի հայերենի ուսուցչուհի Քրիստին Մարաշյանն էլ առաջին անգամ է մասնակցում ծրագրին: Հայկազյան համալսարանի հայագիտության բաժնի մասնագետ է, այժմ ուսումնասիրում է ներառական կրթություն: Սփյուռքահայ ուսուցիչների ծրագրով վերապատրաստվում է նախադպրոցական կրթության համար: 

«Շատ հետաքրքիր էր նախ դասախոսների մասնագիտացած լինելը, այսինքն՝ երբ որևէ դասախոս է մեզ մոտ գալիս, տարբեր գիտելիք է մեզ փոխանցում՝ նույնանման չէ։ Նաև գործնական բաժին ունենք, որտեղ կատարված աշխատանքները կարող ենք կապել մեր դպրոցի աշխատանքի հետ»,- ասաց նա։  

Հյուսիսային Հունաստանի Կոմոտինի շրջանի հայ կապույտ խաչի մեկօրյա դպրոցի և հայ մշակութային միության Ուրարտու պարախմբի ազգային և ժողովրդական պարերի ուսուցչուհի Ռուզաննա Զոհրաբյանը 2-րդ անգամ է մասնակցում ծրագրին: 4 տարի առաջ ներգրավված է եղել որպես մեկօրյա դպրոցի ուսուցիչ, հիմա ուսումնասիրում է պարի դասավանդման մեթոդիկան:

«Այս ծրագիրը շատ-շատ եմ կարևորում, քանի որ այս ծրագրի միջոցով պարի պատմությանը ծանոթանալով կարծում եմ` նոր սերունդը ավելի պիտի ոգևորվի ազգային պարերի մեջ ինտեգրվելուն, որովետև ես ավելի մեծ կարևորություն եմ տալիս սփյուռքում ազգային պարը պահպանելուն, քանի որ այն ունի պատմություն։ Պրակտիկ դասեր ունենք ժողովրդական պարերի, նաև ազգային պարերի, որը պետք է դասավանդի Գագիկ Գինոսյանը և որպես պարարվեստի առարկա մեր արժեքներին ենք ծանոթանում և տարազներին, որը շատ եմ կարևորում»,- ասաց նա։ 

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ատլանտա քաղաքում հայկական դպրոցի հիմնադիր Արմեն Պողոսյանը ծրագրի մյուս մասնակիցներից է: Ներկայումս դպրոցում ուսանում է 4-14 տարեկան 25 աշակերտ, դասավանդվում է հայոց լեզու, պատմություն ու երգ: 

«Մենք տարեկան առնվազն 2 հանդեսներ՝ միջոցառումներ ենք անում։ Այն երեխաները, որոնք մեզ մոտ չեն ուսանում իրենց էլ հրավիրում ենք գալիս են տեսնում, ոգևորվում են և իրենք էլ են ցանկություն հայտնում մասնակցելու»,- ասաց նա։

2002 թվականից անցկացվող ծրագրին այս տարի դիմել է 167 մանկավարժ: Նախատեսված տեղերի սահմանափակ լինելու պատճառով ծրագրին մասնակցում է 60-ը: Մասնակից երկրների աշխարհագրությունը լայն է՝ Կանադայից մինչև Ռուսաստանի Դաշնություն:

«Ուսուցիչները, որոնք մասնակցում են վերապատրաստմանը, վերադառնալով իրենց աշխատանքի վայրեր կամ ծառայության, կարողանում են փորձը, որ կուտակել են, կիրառել սաների, աշակերտների կամ դասավանդվողների մոտ, որն, իրականում, կարծում եմ կարևորագույն կռվաններից և կարևորագույն խնդիրներից է, որը մենք պետք է լուծենք»,- ասաց նա:

Ծրագրի կազմակերպիչները վստահեցնում են՝ այն դիմորդները, որոնք այս տարի հնարավորություն չեն ստացել մասնակցելու ծրագրին, ցանկության դեպքում վերապատրաստում կանցնեն հաջորդ տարիներին: