×

Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից

16.11.2023

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հրաժարվում են Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նախ արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ-Բրայենի հայտարարություններին՝ դրանք անվանելով «կողմնակալ, անարդյունավետ, անհիմն և անընդունելի»:

Ադրբեջանում դժգոհության ալիք է բարձրացրել Օ-Բրայենի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ն չեղարկել է բարձրաստիճան այցերն Ադրբեջան, իսկ այդ երկրի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները չեն կարող նորմալ լինել, քանի դեռ ԱՄՆ-ն առաջընթաց չի տեսել խաղաղության բանակցություններում։

Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են, որ հարաբերությունները չեն կարող միակողմանի լինել, ուստի նույն մոտեցումը կկիրառի Ադրբեջանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նպատակահարմար չեն համարում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջան բարձր մակարդակի այցերի հնարավորությունը։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ը կորցնի իր միջնորդական դերը։

«Կարևոր է նշել, որ այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում 2023 թվականի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»,- նշված է հայտարարությունում: