×

Փալոնը պնդում է, որ ԱՄՆ-ն անվտանգության աջակցություն տրամադրի Հայաստանին

08.12.2023

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը 32 հայ գերիների ազատ արձակման շուրջ, որի մասին կողմերը դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարություն են տարածել։

Կոնգրեսականը նաև պնդում է, որ ԱՄՆ-ն պետք է Հայաստանին տրամադրի անվտանգության աջակցություն։

«Ուրախ եմ տեսնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են համաձայնության գալ 32 հայ գերիների ազատ արձակելու հարցում։ Սա կարևոր քայլ է դեպի առաջ, սակայն ԱՄՆ-ն պետք է Հայաստանին տրամադրի անվտանգության աջակցություն՝ Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար», - գրել է Փալոնը X սոցիալական հարթակում։

Ինչպես ավելի հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, համաձայն որի՝ երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Ըստ հայտարարության՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանի Հանրապետությունն իր հերթին ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: