×

Եթե 2018 թվականի հեղափոխությունը չլիներ, Հայաստանն անկախ պետություն լինելու շանս չէր ունենա․ Փաշինյան

08.12.2023

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է շրջանառվող թեզերին, թե Ռուսաստանը վերջին շրջանում տարբեր քայլերով պատժում է Հայաստանի իշխանություններին՝ նրա որոշ գործողությունների համար։

Փաշինյանի թեմայի մասին խոսել է՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին։

«Դա նորահայտ թեզ է, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են շրջանառության մեջ դնում։ Ես մի թեզ եմ նկատել, որ Ռուսաստանը 44-օրյա պատերազմով պատժեց Հայաստանի իշխանություններին նրա ինչ-որ քայլերի համար։ Նախ ես չէի ցանկանա Ռուսաստանին այս կոնտեքստում քննարկման առարկա դարձնել, բայց եկեք այդ թեզը լրջորեն քննարկենք։ Բա այդ դեպքում 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ ո՞վ ում ու ինչի՞ համար պատժեց։ Այդ թեզի իմաստը գիտեք որն է, որ հեղափոխություն եղավ, հեղափոխությունը ցանկալի չէր մեր գործընկերների համար, իբր կառավարությունն արևմտամետ էր, դրա համար պատժվեց, պատերազմը դրա համար եղավ։ Բա 2016 թվականի քառօրյա պատերազմը ինչի՞ համար եղավ։ Բա 2013 թվականի իրադարձություններն ի՞նչ էին, երբ Հայաստանը բանակցեց Ասոցացման պայմանագիր ստորագրելու վերաբերյալ և արևմտյան աշխարհի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները մեկ օրում շրջվեցին, և պարզվեց, որ Հայաստանը մի գիշերում դառնում է Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Բա այդ դեպքում ո՞ր քայլերի համար էր, որ 2011 թվականին ՌԴ-ն զենքի վաճառքի բազմամիլիարդանոց պայմանագիր կնքեց Ադրբեջանի հետ։ Բա 2013-2014 թվականի իրադարձությունները ինչի՞ արձագանքն էին»,- նշել է վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցի մասին ամեն ինչ չէ, որ ասել է, թեև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին իր մասնակցությամբ նիստից հետո տպավորություն կա, թե այդ թեմայով ամեն ինչ ասվել է։

«Այդ հարցի մասին շատ բան կա ասելու, որովհետև, եթե այդ վարկածը ճիշտ է, այդ դեպքում 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ պատերազմի անոնսը, ինչի՞ մասին էր։ Դա ինչի՞ անոնս էր, երբ ասում էր, որ այլևս երկար ժամանակ հույս չունենաք, թե Ադրբեջանը կթողնի պատերազմով Ղարաբաղի հարցը լուծելու իր մոտեցումը։ Մենք այսօր քննարկում ենք Լեռնային Ղարաբաղի հետ կապված հայտնի որոշումը պետական կազմավորման լուծարման մասին, բայց լավ, ի վերջո, պիտի՞ անդրադառնանք այն թեմային, թե Սերժ Սարգսյանի կողմից գովաբանված միջանկյալ կարգավիճակն ի՞նչ էր 2016 թվականի օգոստոսի դրությամբ և 2018 թվականի հեղափոխությունից առաջ եղած իրավիճակի դրությամբ»,- հարցադրում է արել ՀՀ վարչապետը։

Նա մանրամասնել է, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձև էր նախատեսվում Լեռնային Ղարաբաղի՝ սեփական կյանքի կազմակերպման եղանակների, միջոցների և ձևերի մասին, որը պետք է ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդուներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջարկով, որն էլ դա պիտի քննարկեր Հայաստանի, Ադրբեջանի, Մինսկի խմբի համանախագահների հետ։ «Այդ գովական միջանկյալ կարգավիճակը նշանակում էր Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող պետական կարգի վերացում և նոր համակարգի ձևավորում։ Ինչի՞ մասին են խոսում։ Ես խոսում եմ 2018 թվականի դրությամբ առկա բանակցային իրադրության և բովանդակության մասին։ Ըստ այդ թղթերի Լեռնային Ղարաբաղը պետք է ստանար իր կյանքի կազմակերպման ձևերի վերաբերյալ որոշում, որը պետք է լիներ Լեռնային Ղարաբաղի ճանաչված կարգավիճակը մինչև վերջնական կարգավորումը։ Այս բարեհունչ նախադասությունների տակ ի՞նչ է թաքնված, որ ԼՂ-ում գոյություն ունեցած պետական կարգը և կարգավիճակը պետք զրոյացվեր և նորը ստեղծվեր՝ այն ըմբռնմամբ, որ Մադրիդյան սկզբունքների շրջանակներում Լեռնային Ղարաբաղը հայերից և ադրբեջանցիներից կազմված կազմավորում է, և ինչքան հայերը պետք է մասնակից լինեին Լեռնային Ղարաբաղի կառավարմանը, այնքան էլ ադրբեջանցիները։ Եվ որքան էլ նախորդ իշխանությունը փորձի սա ժխտել, սա դիվանագիտության տառերը ճանաչող ցանկացած մարդու համար աքսիոմա է, այդ թղթերը կան, դա ապացուցելի, անառարկելի մի բան է»,- հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետը պնդեց՝ 2018 թվականի հեղափոխությունն եղավ, դրա համար այսօր Հայաստանը դեռ ինքնիշխան․ անկախ պետություն լինելու շանս ունի։ Նրա գնահատմամբ՝ եթե այդ հեղափոխությունը չլիներ, այդ շանսն էլ չէր լինի։

«Եվ դրա ապացույցը 2013 թվականի իրադարձություններն են՝ կապված Ասոցացման համաձայնագրի շուրջ իրավիճակի հետ։ Պատկերացնում եք, ամբողջ Եվրամիության հետ բանակցել փաստաթուղթ, որը ստորագրման պատրաստ լինի, հետո պետության ինքնիշխանության մակարդակը ոտքի տակ տալ, գնալ 6-7 տարի բանակցված փաստաթուղթը մի կողմ նետել, ասել՝ «մենք դա չենք ստորագրելու»։ Եթե դու ի վիճակի չես այդ թուղթը ստորագրելու, ինչի՞ համար ես այդքան բանակցում։ Դրանից ավելի մեծ պատի՞ժ, դրանից ավելի մեծ անհարգալից վերաբերմո՞ւնք պետության հանդեպ։ Եվ դա նրա համար էր,որ անվտանգային մարտահրավերները հասցեագրվե՞ն, դա նրա համար էր, որ բանակցային գործընթացը լավ տրամաբանությամբ գնա՞։ Դրանից հետո մենք ստացանք քառօրյա պատերազմը և բանակցային այն փաթեթները, երբ որ․․․ ըստ էության, Լեռնային Ղարաբաղի լուծարումը 2016 թվականի օգոստոսին է տեղի ունեցել՝ եռակտոր բանակցային առաջարկը ներկայացնելու պահին»,- ասել է վարչապետը։  

Նա ևս մեկ անգամ պնդել է՝ եթե հեղափոխությունը չլիներ, այսօր Հայաստանն անկախ պետություն լինելու շանս չէր ունենալու։ «Հիմա մենք այդ շանսն ունենք, շատ դժվար է, շատ մեծ սպառնալիքներ և մարտահրավերներ կան, բայց մենք այսօր այդ շանսն ունենք»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։