Աթենքի Սոֆի և Լևոն Հակոբյան վարժարան
11.01.2021

Դեռևս V-VI դարերից հայերը սկսել են բնակություն հաստատել Հունաստանում՝ կենտրոնանալով հիմնականում Աթենք, Սալոնիկ, Կոմոտինի, Կավալա, Օրեստիադա, Դիդիմոտիխո քաղաքներում, Կրետե և Կոս կղզիներում: Ինչպես եվրոպական մի շարք երկրներում, այստեղ ևս ձևավորվել է ուժեղ հայ համայնք, որն առ այսօր զգալի դեր է ունեցել սփյուռքում հայապահպանության համար։ Հունաստանում հայերը գրեթե ամենուր են՝ հոգևոր-մշակութային ոլորտից մինչև հասարակական-քաղաքական, կրթական և այլ ոլորտներ։ Այստեղ կարելի է հանդիպել տաղանդավոր արվեստագետների, բժիշկների ու ձեռնարկատերերի։ Հունաստանում գործում է շուրջ 40 դպրոց, 4 ամենօրյա և 8 մեկօրյա դպրոց, լրատամիջոցներ, մշակույթի կենտրոններ և խմբեր, տարբեր հասարակակական կառույցներ։ Երկրում հայ համայնքի ղեկավար կառույցներն են Ազգային առաջնորդարանը և Ազգային վարչությունը։
Հունաստանում հայկական կարևոր կրթօջախներից է Սոֆի և Լևոն Հակոբյան ամենօրյա վարժարանը, որը հիմնադրվել է 1963 թվականին մայրաքաղաք Աթենքում։ Վարժարանը կառուցվել է Սոֆի Հակոբյանի բարերարությամբ՝ ի հիշատակ իր ամուսնու: Այն ունի մանկապարտեզ (2 դասարան), նախակրթարան (6 դասարան), ինչպես նաև հունական բաժին իր հույն ուսուցիչներով, որոնք վարձատրվում են պետության կողմից, իսկ ուսումն իրականացվում է պետական ծրագրով: Վարժարանում աշակերտները սովորում են հայոց լեզու, հայ գրականություն, կրոն և պատմություն:
Հունաստանում Սոֆի և Լևոն Հակոբյան վարժարանի կողքին հայկական կարևոր կրթական հաստատություններից են նաև «Ճենազյան», «Գալփաքյան» և «Զավարյան» վարժարանները։