×

Վենետիկի Մուրադ-Ռափայելյան հայկական վարժարան

11.01.2021

Իտալիայում հայերի ներկայության մասին հավաստի տեղեկություններ են փոխանցվել դեռևս VI-VII դարերից: XII դարի կեսերից իտալական տարբեր քաղաքներում կազմավորվել են համեմատաբար կայուն հայ համայնքներ, հիմնադրվել են հայկական եկեղեցիներ։ Իտալահայերը ներգրավված են եղել մի շարք ոլորտներում, աչքի են ընկել նաև որպես լավ նավաստիներ, նավագնացներ ու նավաշինարարներ: 1512 թվականին հենց Վենետիկում Հակոբ Մեղապարտը տպագրել է հայերեն առաջին գիրքը։  Հայերեն գրքեր են հրատարակվել նաև Հռոմում, Լիվոռնոյում, Պավիայում, Պադուայում: 1717 թվականին Վենետիկի Սբ Ղազար կղզում հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը, իսկ 1836 թվականին միաբանության նախաձեռնությամբ ստեղծվել է տեղի կարևոր գիտակրթական հաստատություններից մեկը՝ Մուրադ-Ռափայելյան գիշերօթիկ վարժարանը, որը տարիների պատմություն ունի։ Հիմնադրման սկզբի տարիներին այն գործում էր գիմնազիական ծրագրով և ուներ 6-ամյա դասընթաց, սակայն 1867 թվականին ստացել է լիցեյական իրավունք։ 1917 թվականին վարժարանը տեղափոխել են Հռոմ, իսկ 1918 թվականին՝ կրկին Վենետիկ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կրթօջախը փակվել է, վերաբացվել է 1950 թվականին։ 1980-ականներին այնտեղ սովորում էր մոտ 120 սան։ Վարժարանն ունեցել է հարուստ գրադարան, թանգարաններ, մարզական հրապարակներ, գործել են «Սայաթ-Նովա» նվագախումբը, թատերական խմբակը։ Վարժարանը ակադեմիական բարձր չափանիշներին համապատասխան կրթություն էր տալիս, որի լավագույն շրջանավարտները ստանում էին իրավունք առանց քննությունների ընդունվել Եվրոպայի համալսարաններ:

Մուրատ-Ռափայելյան վարժարանում դասավանդել են Ղևոնդ Ալիշանը, Ս․ Թեոդորյանը, Մ․ Նուրիխանը, Վ․ Ավգերյանը, Ա․ Գասքանտիլյանը և այլք։ Ուսանել են այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են Դանիել Վարուժանը, Մկրտիչ Պեշիկթաշյանը,  Թովմաս Թերզյանը, Վահրամ Փափազյանը, Հակոբ Փափազյանը, Էդգար Շահինը, Էդգար Մանասը, Սրապիոն Հեքիմյանը և ուրիշներ։ Վարժարանի դռները բաց են եղել նաև եվրոպացիների համար։ Անվանի հայագետներ Հայնրիխ Հյուբշմանը, Ֆելիքս Նևը, Մարի Ֆելիսիտե Բրոսսեն, Նիկոլա Յորգան, Ֆրեդերիկ Ֆեյդին նույնպես սովորել են այստեղ։

Վարժարանը փակվել է 1997 թվականին, ըստ որոշ տեղեկությունների, աշակերտների քիչ թվաքանակի և ֆինանսների հարցերի պատճառով։ Հետագայում շենքը սկսել է ծառայել որպես կրթամշակութային միջոցառումների վայր, նաև որպես հյուրատուն հատուկենտ հյուրերի համար։