×

Բեյրութի Հայկազյան համալսարան

11.01.2021

Սփյուռքի կարևորագույն կրթական հաստատությունների շարքում իր ուրույն տեղն ունի Բեյրութի Հայկազյան համալսարանը։ Եթե որոշել եք ուսանել արտերկրում, ապա այս համալսարանը, միանշանակ, լավագույն ընտրություններից է։ Հայկական սփյուռքի միակ բուհը հիմնադրվել է 1955 թվականին Ամերիկայի Հայ Միսիոներական Ասոցիացիայի կողմից բարերար Մեխակյանի աներոջ, Կոնյայի Ճենանյան ինստիտուտի նախկին ուսուցչապետ Արմենակ Հայկազյանի անունով։ Այն սկսել է գործել՝ ունենալով ընդամենը 43 ուսանող։ Լիբանանում պետական ճանաչման արժանացած հայկական միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է, որի շրջանավարտները ստանում են բակալավրի կամ մասնագետի աստիճան՝ ճանաչվելով Լիբանանի կառավարության, ինչպես և քոլեջների և համալսարանների միջազգային ասոցիացիայի կողմից։ 1955-1989 թվականներին այն եղել է քոլեջ, 1990-1996 թվականներին՝ համալսարանական քոլեջ, ապա՝ համալսարան։ Այստեղ ուսումնառությունն անգլերենով է, հայկական և արաբական մշակույթներին վերաբերվող առարկաները դասավանդվում են հայերենով և արաբերենով։ Թեև համալսարանը հայ ավետարանական հաստատություն է, սակայն ավելի քան 6 կրոնների պատկանող շուրջ 20 ազգերի ուսանողներ են սովորում այստեղ։ Հատկապես 70-ականներին համալսարանը վայելել է մեծ ժողովրդականություն՝ ունենալով ավելի քան 650 ուսանող։

Հայկազյան համալսարանն ունի առանձին հայագիտական գրադարան, որն ամեն տարի հարստացվում է Հայաստանից և արտասահմանից ձեռք բերված հայերեն և օտարալեզու գրքերով ու հրատարակություններով։ Համալսարանը հրատարակում է «Հայկազյան հայագիտական հանդեսը», անգլերենով «Հայկազյան հերալդ» ուսանողական պարբերաթերթն ու «Ֆոկուս» ուսանողական տարեգիրքը։ Գործում են մի շարք ուսանողական ակումբներ և ընկերություններ։

Տարբեր տարիներին համալսարանը նախագահել են  Ջոն Մարգարյան, Ջիլբերտ Բիլեզիկյան, Վեռն Ֆլոտչերը, Ժան Խանճյան և Փոլ Հայտոսթյան 2002 թվականից առ այսօր։

Հատկանշական է Հայկազյան համալսարանի համագործակցությունը Երևանի պետական համալսարանի հետ: 2009 թվականին երկու համալսարանների միջև ստորագրվել է գործակցության համաձայնագիր։

Մինչ օրս Հայկազյան համալսարանի շրջանավարտներից շատերը կարևոր պաշտոններ են ստանձնում և անփոխարինելի դերակատարություն ունեն սփյուռքահայ տարբեր կառույցներում: