Լիբանանի «Ազդակ» օրաթերթ
11.01.2021

Լիբանանում հայկական հետքի մասին վկայությունները փաստում են երկրում հայերի ներկայության մասին դեռևս մ.թ.ա. 1-ին դարից։ Ժամանակակից լիբանանահայ համայնքը ձևավորվել է հիմնականում Հայոց ցեղասպանության տարիներին և շարունակել է ակտիվանալ դրանից հետո։
Հայերը հատկապես Լիբանանի անկախությունից հետո կարողացել են աչքի ընկնել ոչ միայն տնտեսության, մշակույթի, այլև քաղաքականության բնագավառում: Երկրի տարբեր տարիներին գումարված խորհրդարաններում հայկական համայնքը մշտապես ներկայացված է եղել իր պատգամավորներով, իսկ կառավարության կազմում՝ հայազգի նախարարներով: Լիբանանում հատկապես հայ մամուլն ունի հարուստ ավանդույթներ և տարիների պատմություն։ Երկրի անցուդարձին, Հայաստանին առնչվող հետաքրքրիր թեմաներին կարելի է ծանոթանալ բազմաթիվ ամսագրերում, եռամսյաներում, տարեգրքերում, շաբաթաթերթերում։ Նրանց մեջ հատկապես առանձնանում են «Ազդակ», «Զարթոնք» և «Արարատ» թերթերը: Լիբանանում շուրջօրյա գործում են նաև «Վանա Ձայն» և «Ռադիո Սևան» ռադիոկայանները:
«Ազդակ»-ը ազգային, գրական, հասարակական-քաղաքական օրաթերթ է, որը հրատարակվում է 1927 թվականից։ Սկզբում եղել է եռօրյա, 1930 թվականից՝ երկօրյա, իսկ արդեն 1932 թվականից՝ օրաթերթ։ Հիմնադիր և սեփականատեր-տնօրենն է եղել Հայկ Պալյանը։ Ներկայումս Շահան Գանտահարյանն է օրաթերթի տնօրենը և գլխավոր խմբագիրը։
Օրաթերթը լուսաբանում է հայկական, լիբանանյան և միջազգային քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական և մարզական անցուդարձերը։ Այն ունեցել է «Հարդգող» գրական, «Ազդակ շաբաթօրյակ, «Ազդակ մարզական» հավելվածները։ Տարիների ընթացքում օրաթերթում մեծ փոփոխություններ են կատարվել թե՛ բովանդակության, թե՛ ձևավորման առումով։ Այժմ այն հրատարակվում է 10 էջով նախկին 4 էջի փոխարեն։ Ամսվա ընթացքում լույս են տեսնում մանկապատանեկան «Պզտիկ–Մզտիկ», կանանց համար «Անահիտ» և մարզական «Նավասարդ» հավելվածները, ինչպես նաև «Ազդակ» ամսագիրը։ Օրաթերթն ամեն տարի ընթերցողներին է ներկայացնում իր տարեկան բացառիկը, որտեղ մանրամասն անդրադարձ է կատարում տարվա ընթացքում տարբեր ոլորտներում տեղի ունեցած ամբողջական իրադարձութուններին։ 2002 թվականից «Ազդակ»-ն ունի իր կայքէջը՝ www.aztagdaily.com, որը ընթերցողներին մատուցում է նաև անգլերեն բովանդակություն։