×

Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թվում հայեր կան

06.02.2023

Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով Հալեպ քաղաքում զոհերի թվում երկու հայ կա: Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի,  639 մարդ վիրավորվել է: Սիրիայի ընդդիմությունը երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում  Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը նշեց, որ Հալեպում երկրաշարժի հետևանքով զոհված երկու քաղաքացիները մայր և որդի՝ Միրնա և Ալպէր Թէնքէճեաններն են: Նա նշեց, որ Ալպէր Թէնէքէճեանը Հալէպի ՀԲԸՄ-ի Լազար Նաճարեան-Կիւլպէնկեան վարժարանի սան էր: 

«Քաղաքում դեռևս պահապանվում է անհանգիստ վիճակը, քանի որ առավոտվա ժամը 4:17-ից մարդիկ դուրս են եկել իրենց տներից: Արդեն պաշտոնապես հաստատվել է 34-35 շենքի ամբողջական փլուզումը: Բոլոր համապատասխան գերատեսչությունները այս պահին աշխատում են արտակարգ ռեժիմով»,- ասաց Ժիրայր Ռեյիսյանը:

Նա ընդգծեց, որ Սիրիայի նախագահը նախարարների հետ արտակարգ նիստ է անցկացրել, որի արդյունքում այլ քաղաքներից բժշկական, մասնագիտական և փրկարարական խմբեր են ուղարկվել  Հալեպ, Լաթաքիա և Համա քաղաքներ, որոնք  երկրաշարժի հարվածից ամենաշատն են տուժել:

«Երկրաշարժի հետևանքով հայկական շինությունների որոշ մասը վնասվել են, ամբողջական փլուզումների մասին դեռևս տեղեկություններ չկան: Բայց պետք է նշեմ, որ գրեթե բոլոր տեղերում էլ որոշակի վնասներ կան»,- եզրափակեց պատգամավորը:

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մեկ հայ է զոհվել, ավերվել են եկեղեցիներ։ 

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով մեկ հայ է զոհվել, կան նաև նյութական կորուստներ։ Ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի հայաբնակ հատվածներում զոհերի ու կորուստների վերաբերյալ «Արմենպրես»-ին տվյալներ է փոխանցել Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը։

Մալաթիայում հայ ընտանիքի պատկանող բնակարանի փլուզման հետևանքով մեկ մարդ զոհվել է։

Էլազըգում (Խարբերդ)  կան ավերված շենքերը,հայ համայնքի անդամները անհանգստացած են, սակայն մարդկային կորուստներ չկան։

Դիարբեքիրում Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու խորհրդի ղեկավար Օհաննես Գաֆուր Թուրքայը հայտնել է, որ ցնցումների հետևանքով եկեղեցին վնասված չէ, սակայն քաղաքում կան ավերված շենքեր։

Իսքենդերունում Տեր Ավետիս քահանայի հայտնած տեղեկության համաձայն՝  քաղաքի կենտրոնում ավերածություններ կան։  Լատին կաթոլիկ եղեկեցին հիմնահատակ ավերվել է։ Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին ևս վնասվել է։ Մարդկային կորուստնի մասին տեղեկություններ չկան։

Թուրքիայի միակ հայկական գյուղից՝ Վաքըֆլից մտահոգող լուրեր այս պահին չկան։

 

Իսկ Կեսարիայում, թեպետ ցնցումները զգացվել են, սակայն տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վնասված չէ։

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 284-ի, ավելի քան 440 մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

Գործակալությունը, հղում անելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը, նաև հաղորդում է, որ Ադրբեջանը պատրաստվում է Թուրքիա ուղարկել 370 փրկարարից բաղկացած մի խումբ, որը պետք է օգնի վերացնել երկրաշարժի հետևանքները և աջակցություն ցուցաբերի որոնողափրկարարական աշխատանքներում: 

Երկրաշարժ` Հայաստան-Վրաստան սահմանային գոտում. այն զգացվել է Շիրակի մարզում

Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 04:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 00:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։