×

«Մենք հաղթելու ենք, որովհետև գիտակցում ենք՝ ուրիշ ճանապարհ չունենք». իսրայելահայ հոգևորական

01.10.2020

«Պատերազմի սկսվելու հաջորդ օրվանից հայերենով և եբրայերենով հայտարարություն ենք տարածել Ֆեյսբուքում, WhatsApp-ում, որպեսզի շատ արագ կազմակերպենք դրամահավաք և օգնության հասնենք հայ զինվորին»: Այս մասին «Հայերն Այսօր»-ի հետ զրույցում տեղեկացրեց Իսրայելի Հայֆա քաղաքի և հյուսիսային շրջանների հոգևոր հովիվ Տիրայր քահանա Հովակիմյանը։ 

2 օրում տեղի հայ համայնքը հավաքել է 20 հազար դոլար, որն ուղղվել է Գորիսի ու Վարդենիսի բժշկական կենտրոններին։ Դեղորայք ու պարագաներ են ձեռք բերվել։ Հոգևորականի խոսքով՝ նման փոքր համայնքի համար իսկապես անսպասելի էր։ 

«Այսօր ազգը բանակ է դարձել։ Կապ չունի՝ բժիշկ ես, բարձրաստիճան հոգևորական թե պաշտոնյա, բոլորը կատարում են մեկ պարտականություն՝ պաշտպանել հայրենիքը»,-նշեց Տիրայր Հովակիմյանը և հավելեց, որ հայտարարությունը տարածելու առաջին իսկ օրվանից Հայֆայի հայերից մի քանիսը նաև  ռազմաճակատ մեկնելու ցանկություն են հայտնել։  

Քահանա Հովակիմյանը հայտնեց, որ բացի նյութական օգնությունից, համայնքը պետք է քննարկի ցույցերի, երթերի վերաբերյալ հետագա գործողությունները։